Մատչելի հղումներ

«Amnesty International». «Հայաստանում դաժան ծեծի են ենթարկել ակտիվիստների»


«Միայն արդյունավետ հետաքննությունը ցույց կտա, թե արդյոք իշխանությունները լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտականություններին»

«Հայաստանի իշխանությունները պետք է մանրազնին և անհետաձգելի կերպով հետաքննեն Հայաստանի երկու ակտիվիստների ուղղությամբ իրականացված դաժան հարձակումը և երաշխավորեն, որ այն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը:

«Հայաստանի իշխանությունները հանձն են առել ակտիվիստների անխոչընդոտ, անխափան, առանց խտրականության կամ վրեժխնդրության վտանգի աշխատանքի ապահովումը: Այս հանձնառությունը հարգելն այս կոնկրետ դեպքում նշանակում է միայն մեկ բան, այն է՝ երկու ակտիվիստների ուղղությամբ իրականացված հարձակման անկողմնակալ և արդյունավետ հետաքննությունն ու հարձակումը գործած անձանց հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը», - ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դմիտրի Կրիվոշեևը:

Սուրեն Սաղաթելյանի և Հայկակ Արշամյանի վրա Հայկակի տան բակում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը հարձակում է գործել վեց անձ: Հարձակումը տևել էր երկու րոպեից պակաս ժամանակ, սակայն հարվածներն ուղղված էին եղել տուժածների գլխին, ինչի հետևանքով ակտիվիստները տեղափոխվել են հիվանդանոց:

Հարձակվողները կոտրել են Սուրեն Սաղաթելյանի քիթն ու մատը, գլխին հասցրած մի քանի հարվածի հետևանքով նա գլխուղեղի ցնցում է ստացել: Հարձակումից հետո Սաղաթելյանին անմիջապես արվել է քթի վիրահատություն:

Հայկակ Արշամյանի այտին հասցված խորը վերքին անհրաժեշտ է եղել կարեր դնել:

Արշամյանը «Amnesty International»-ի հետ զրույցում համոզվածություն է հայտնել, որ ինքն ու Սուրեն Սաղաթելյանը թիրախներ են դարձել իրենց քաղաքացիական ակտիվ դիրքորոշման պատճառով: Նա որպես քաղաքացիական հասարակության և Հայաստանի անկախ ԶԼՄ-ների դեմ ուղղված է որակել այս հարձակումը:

Սուրեն Սաղաթելյանը «Transparency International» կազմակերպության Հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ է, բաժնի պետի պաշտոն է զբաղեցնում «World Vision-Հայաստան» քրիստոնեական մարդասիրական կազմակերպությունում:

Հայկակ Արշամյանը նույնպես անդամակցում է «Transparency International»-ի Հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդին, աշխատում է նաև որպես ծրագրի համակարգող Երևանի մամուլի ակումբում ու նույն պաշտոնն է զբաղեցնում «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հետազոտական կենտրոնում:

Ո՛չ Հայկակը, ո՛չ էլ Սուրենը չեն անդամակցում քաղաքական որևէ կուսակցության կամ կազմակերպության, սակայն երկուսն էլ ակտիվորեն դեմ են հանդես գալիս Հայաստանի կառավարության կողմից Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ վերջերս կայացված որոշման:

Հայկակն «Amnesty International»-ին հայտնել է, որ երեք օր առաջ սոցիալական ցանցերում սկսել էր տեղադրել Եվրասիական միությանը միանալու մասին որոշումը քննադատող հաղորդագրություններ, ինչպես նաև մասնակցել էր Երևանում նախագահական պալատի մոտ սեպտեմբերի 5-ին կազմակերպված բողոքի ցույցին: Նրա համոզմամբ, քանի որ ցույցի մասնակիցներ հիմնական մասը երիտասարդներ են եղել, ինքը համարվել էր ցույցի առաջնորդ և կազմակերպիչ՝ այն, ինչը Հայկակը հերքում է:

«Քաղաքացիական հասարակության մեջ ակտիվիստները պետք է իրականացնեն իրենց գործունեությունն անխոչընդոտ, անխափան, առանց խտրականության կամ վրեժխնդրության վտանգի: Իշխանությունները պարտավոր են առաջ քաշել խոսքի ազատության, հավաքների և միություններ կազմելու իրավունքները: Միայն արդյունավետ հետաքննությունը ցույց կտա, թե արդյոք իշխանությունները լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտականություններին», - շեշտել է «Amnesty International»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դմիտրի Կրիվոշեևը:
XS
SM
MD
LG