Մատչելի հղումներ

Հայաստանում նշում են Հանրապետության տոնը


Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայաստան (արխիվային լուսանկար)

«Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը». Սարգսյան

Հայաստանում այսօր նշվում է Հանրապետության տոնը, որի կապակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում այսօր անցկացվել են մի շարք տոնակատարություններ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Հանրապետության տոնի կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ 1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը հայ ժողովրդին պատմական հնարավորություն էր ընձեռել վերականգնելու Հայաստանի անկախությունը, և դա կատարվել էր մի այնպիսի իրավիճակում, երբ հայ ժողովուրդը մնացել էր մենակ բազում մարտահրավերների առջև:

«Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ» - ասել է Հայաստանի նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր»:

«Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը», - իր տոնական ուղերձում շեշտել է Հայաստանի նախագահը:
XS
SM
MD
LG