Մատչելի հղումներ

Սոչիում հանդիպում է անցկացվել Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև


Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով», - ասված է Հայաստանի նախագահի հաղորդագրության մեջ:

«Հայաստանի և Բելառուսի նախագահների հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի և Բելառուսի նախագահները հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են նաև Բելառուսում հայ համայնքի դերը» - նշված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG