Մատչելի հղումներ

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին


Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին

Հայաստանը Ադրբեջանի պաշտոնյաներին հինգշաբթի օրը հանձնել է Ադրբեջանի մեկ քաղաքացի՝ ադրբեջանական կողմից ստանալով հայ գերի Մանվել Սարիբեկյանի աճյունը:

Ռազմագերիների փոխանակման մասին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին Ռուսաստանում անցյալ շաբաթ անցկացված գագաթաժողովի ընթացքում:

Փոխանակման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը բարձր գնահատականի է արժանացել միջազգային հանրության կողմից` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելուն ուղղված առաջընթաց:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը, հաղորդում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Կարապետյանի համաձայն, այս տարվա սկզբին Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած Ադրբեջանի քաղաքացին հինգշաբթի օրը երկու երկրների միջև սահմանին փոխանցվել է ադրբեջանական կողմին:

Ադրբեջանի պաշտոնյաների համաձայն, զինվորական Մանվել Սարիբեկյանն անցյալ ամիս ինքնասպանություն է գործել կալանավայրում: Հայկական կողմը պնդում է, որ Սարիբեկյանը Ադրբեջանի տարածք հանկարծակի մուտք գործած հովիվ էր:

«Հայաստանը բարի կամք է դրսևորում, և սպասում է, որ ադրբեջանական կողմը նույնպես կկատարի իր պարտավորությունները», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Կարապետյանը:

XS
SM
MD
LG