Մատչելի հղումներ

Նյու Յորքում կայացել է հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարարի, Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահների միջև


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այս տարվա նոյեմբերին նախատեսում են այցելել տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված գագաթաժողովին առնչվող հարցեր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նախարարները և համանախագահները շարունակեցին քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները նախօրեին կայացած այս հանդիպման ընթացքում ընդգծել են իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակոչեցին այս տարվա հունիսի 18-ի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որևիցե գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին և հակամարտության սրմանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրեցին, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված գագաթաժողովին առնչվող հարցեր։
XS
SM
MD
LG