Արաբական լիգայի նախարարները հայտարարել են Սիրիայի նախագահին կիրակի օրը հանդիպելու իրենց ծրագրի մասին։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել այս երկրում հակակառավարական ցուցարարների դեմ իրականացվող մահաբեր գործողությունները դադարեցնելու հարցը։
Մինչ այդ, խումբը նախագահ Բաշար ալ-Ասսադից պահանջել է անհապաղ դադարեցնել ընդդիմության դեմ ճնշումները:
Սակայն ուրբաթ օրը ստացված տեղեկությունների համաձայն, նոր գործողությունների արդյունքում այդ նույն օրն այստեղ սպանվել է առնվազն 4Օ ցուցարար։ Սպանություններն իրականացվել են հիմնականում Համա եւ Հոմս քաղաքներում։ Պետական լրատվական գործակալությունը սակայն տարածում է լուրեր այն մասին, որ ցուցարարներն են կրակ բացել անվտանգության ուժերի դեմ, ինչի հետեւանքով, ասված է հաղորդագրության մեջ, կան մեծաթիվ վիրավորներ։
Այս օրերին շարունակվում են նախագահ Ասսադի նկատմամբ միջազգային ճնշումները եւ ավելանում նրա գործողությունները դատապարտող հայտարարությունները։ Ըստ մոտավոր հաշվարկների, անցած 7 ամիսների ընթացքում, երբ սկսվեցին ցույցերը, այս երկրում սպանվել է ավելի քան 3ՕՕՕ բնակիչ։
Ցուցարարները միջազգային համայնքից պահանջում են այստեղ հաստատել թռիչքազերծ գոտի, որպեսզի կառավարությունը զրկվի քաղաքացիների դեմ նման գործողություններ իրականացնելու հնարավորությունից։