Մատչելի հղումներ

Բաղդադում անցկացվող գագաթաժողովում քննարկվում է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը


Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկնարկել է արաբական պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողով` նվիրված Սիրիայում արդեն մեկ տարուց ավել չդադաչող ճգնաժամի լուման ճանապարհներ գտնելու խնդրին:

Արաբական պետությունների լիգան 1990 թվականին Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժելու ժամանակից ի վեր առաջին անգամ է գագաթաժողով անցկացնում Բաղդադում:

Գագաթաժողովի բացումն ընդհատվել է Բաղդադի լավ պաշտպանված «Կանաչ գոտու» մոտակայքում ընկած հրթիռի պայթյունի պատճառով: Իրաքի իշխանությունների համաձայն, Իրանի դեսպանատան մոտակայքում ընկած հրթիռի պայթյունի պատճառով զոհեր չեն եղել:

Սպասվում է, որ գագաթաժողովի արդյունքում Արաբական լիգայի անդամ պետությունների ղեկավարները կընդունեն Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը Քոֆի Անանի խաղաղության ծրագրի դրույթները կյանքի կոչելու վերաբերյալ բանաձև: Անանի ծրագիրը Սիրիայում զինադադար հաստատելու և կառավարության ու ապստամբների միջև երկխոսություն մեկնարկելու կոչ է անում, սակայն երկրում քաղաքական փոփոխություն իրականացնելու նպատակով ծրագրում չի նախատեսվում պահանջել Ասադի հրաժարականը:

Արաբական պետությունների ղեկավարները նախկինում Բաշար ալ-Ասադին հրաժարական ներկայացնելու և լիազորությունները փոխնախագահին փոխանցելու կոչով էին հանդես գալիս, սակայն հետագայում դադարեցրել են այս պահանջները:

Սիրիայի իրավապաշտպան ակտիվիստներն այս ընթացքում հայտնել են Ասադին հավատարիմ ուժերի կողմից երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ընդդիմության հենակետերի ուղղությամբ գրոհի վերսկսման մասին: Նրանց համաձայն, կառավարական ուժերի գործողությունների պատճառով երկրում հինգշաբթի օրը զոհվել է առնվազն 22 մարդ, հիմնականում` քաղաքացիական անձինք:

XS
SM
MD
LG