Մատչելի հղումներ

Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես Վաշինգտոնում


Արա Գյուլեր (արխիվային լուսանկար)
Արա Գյուլեր (արխիվային լուսանկար)

Գյուլերի կարծիքով, իր իրական ներդրումը մարդկության պատմության մեջ կազմում են Անատոլիայում հնագիտական և պատմական վայրերի լուսանկարները

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես՝ «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով:

«Որպես «Ստամբուլի աչքը» հայտնի Արա Գյուլերը մեծ ճանաչում է ստացել 1950-ականների և 1960-ականների Թուրքիայի փողոցներում բխող կյանքի լուսանկարների համար: Չնայած Ստամբուլի իր պատկերները, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի և ճանաչված այլ մարդկանց դիմանկարները մեծ ճանաչում են վայելում, ֆոտոլրագրողի կարծիքով, իր իրական ներդրումը մարդկության պատմության մեջ կազմում են Անատոլիայում հնագիտական և պատմական վայրերի լուսանկարները», - ասված է «Սմիթսոնիան» թանգարանների համակարգին պատկանող Ֆրիերի և Սաքլերի անվան ասիական արվեստի թանգարանի ցուցահանդեսը ներկայացնող էջում:

Ցուցահանդեսում ներկայացված են կարևոր նշանակություն ունեցող սելջուկյան և հայկական շինությունների լուսանկարները, որոնք այժմ 85-ամյա Արա Գյուլերը նկարել էր 1960-ականներին, իսկ տպել՝ 1965 թվականին: Ըստ Ֆրիերի և Սաքլերի անվան ասիական արվեստի թանգարանի, ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների ընտրությունը կատարվել էր թանգարանի արխիվներում պահվող Գյուլերի աշխատանքներից՝ Ջոնս Հոփքինս համալսարանի ուսանողների հետ համատեղ:

«Ցուցահանդեսը, այսպիսով, ամերիկյան լսարանին ներկայացնում է Անատոլիայի կարևոր նշանակություն ունեցող շինությունների պատկերները՝ շեշտելով ինչպես տարածաշրջանի մշակութային հարուստ պատմությունը, այնպես էլ Գյուլերի աշխատանքների կարևորագույն մասը կազմող լուսանկարները», - ասված է թանգարանի կայքում:

«Սմիթսոնիան» թանգարանի Արթուր Սեքլերի անվան ցուցասրահում Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսին անդրադարձել է նաև ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը: Ցուցահանդեսին նվիրված հոդվածում նշված է, որ թանգարանում ներկայացված հայկական շինությունները հատկապես կարևոր են Գյուլերի համար, քանի որ նա պատկանում է Ստամբուլի հայկական համայնքին:

«Գյուլերի լուսանկարները ներկայացնելով որպես արվեստ՝ դրանք հեռացվում են իրենց մշակութային և պատմական համատեքստից: Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու լուսանկարի վրա, օրինակ, պատկերված է գետի խորը մի ձոր, որը նեղ գծով անցնում է եկեղեցու անմիջապես հետևում գտնվող երկու բլուրի միջև: Այն, ինչ չի ասված, դա նա է, որ այս գետը կազմում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընկած սահմանը, որի որոշ հատվածներ ականապատված են, և որը փակ է 1993 թվականից՝ երկու պետությունների միջև երկարատև քաղաքական լարվածության պատճառով», - գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը:

«Այնուամենայնիվ, նույնիսկ առանց Գլուլերի լուսանկարների քաղաքական և պատմական խորը ուսումնասիրության, նրա լուսանկարներն ունեն անհաղթահարելի գեղեցկություն և նկարագրական ուժ», - ասված է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսին նվիրված հոդվածում:
XS
SM
MD
LG