Մատչելի հղումներ

«Apple» ընկերությունը մարտին կներկայացնի նոր iPad-ը


«Apple» ընկերությունը մարտին կներկայացնի նոր iPad-ը
«Apple» ընկերությունը մարտին կներկայացնի նոր iPad-ը

Ընկերության շուկայական արժեքը գերազանցել է «Microsoft» և «Google» ընկերությունների շուկայական համախառն արժեքը

«Apple» ընկերությունը, հակառակ նախկինում ձևավորված ավանդույթի, փետրվար ամսին հրապարակային միջոցառումներ չի անցկացնի, սակայն ընկերությունը ծրագրում է մարտին հանրությանը ներկայացնել iPad պլանշետի նոր տարբերակը:

Որոշ աղբյուրների համաձայն, մեծ ժողովրդականություն վայելող պլանշետի ներկայացումը կանցկացվի մարտի առաջին շաբաթվա ընթացքում: Միջոցառումը կանցկացվի Սան Ֆրանցիսկոյի «Yerba Buena» մշակույթի կենտրոնում, որտեղ ընկերությունը նախկինում արդեն անցկացրել է կարևորագույն բազմաթիվ ներկայացումներ:

Նախնական «iPad 3» անվանումը կրող սարքավորման վաճառքի հանվելու ժամանակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել, սակայն սարքավորման շուկայահանման ժամանակացույցը ենթադրաբար նման է լինելու «iPad 2»-ի շուկայահանման ժամանակացույցին՝ ներկայացումից մեկ շաբաթ կամ մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ անց:

Սպասվում է, որ նոր «iPad»-ի տեսքը հիմնականում նման է մնալու «iPad 2»-ի տեսքին, սակայն դրանում կկիրառվի շատ ավելի հզոր միկրոպրոցեսոր, կբարելավվեն նաև վիդեոպրոցեսորի տվյալները:

Նոր «iPad»-ում կօգտագործվի նաև բարելավված պարամետրեր ունեցող էկրան:

«Apple» ընկերության մամուլի պատասխանատուն հրաժարվել է միջոցառման անցկացման մասին առավել մանրամասն տեղեկություններ ներկայացնելուց ՝ ասելով, որ ընկերությունը ասեկոսեներին մեկնաբանություն չի տալիս:

«Apple» ընկերության բաժնետոմսերի արժեքը հինգշաբթի օրը բարձրացել է՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 495 դոլար ցուցանիշի:

«Google Finance» կայքի տվյալների համաձայն, «Apple»-ի շուկայական արժեքի գնահատականը կազմել է 461 միլիարդ դոլար, և այն գերազանցել է «Microsoft» և «Google» ընկերությունների շուկայական համախառն արժեքը:

«Microsoft»-ի շուկայական արժեքն այժմ գնահատվում է 258, իսկ «Google» ընկերության՝ 199 միլիարդ դոլար:

XS
SM
MD
LG