«Apple» ընկերության բաժնետոմսերի արժեքը հինգշաբթի օրն ԱՄՆ-ում բորսաների աշխատանքային օրվա սկզբից նվազել է մոտ երկու տոկոսով` հետևելով ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի կողմից առողջական պատճառներով իր զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին հայտարարությանը:
Ջոբսը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նա այլևս չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին ներկայացվող «պահանջներին և սպասումներին»:
«Apple» ընկերության կայքում հրապարակված հայտարարությունում ընկերությունը նշել է, որ Ջոբսի «յուրահատուկ տեսլականն ու առաջնորդությունը փրկել է ընկերությունը»:
Ընկերության պաշտոնատար անձանց համաձայն, Սթիվ Ջոբսը շարունակելու է ընկերությանը տրամադրել «իր ուրույն գաղափարները, ստեղծագործական մտքերն ու ոգեշնչությունը»:
Ջոբսի խորհրդով, ընկերության նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվելու Թիմ Քուքը, որը նախկինում զբաղեցրել է ընկերության գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը: «Apple» ընկերության տնօրենների խորհրդի վկայությամբ, ընկերությունում 13 տարի աշխատելու ընթացքում Քուքը «մեծ տաղանդ և առողջ դատողություն է դրսևորել»:
«Apple» ընկերությունը, որն այժմ շուկայական ամենամեծ արժեքն ունեցող տեխնոլոգիական ընկերությունն է, 1990-ականներին կանգնած էր սնանկության շեմին: Ընկերության վիճակը բարելավվել է, երբ համակարգիչներ արտադրվող ընկերությունից այն փոխել է իր գործունեության ուղղությունը` հիմնականում կենտրոնանալով մեծ պահանջարկ վայելող «iPhone» հեռախոսների և «iPad» պլանշետային համակարգիչների արտադրության վրա: