Վաշինգտոնում այսօր հարյուրավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի ակցիա կորպորացիաների ագահության և տնտեսական անհավասարության դեմ՝ միանալով անցյալ ամսին Նյու Յորքում մեկնարկած շարժմանը, որն արդեն տարածվել է ԱՄՆ-ի գլխավոր մի քանի քաղաքում:
Շարժման ակտիվիստները հինգշաբթի օրը հավաքվել են Վաշինգտոնի «Ֆրիդոմ պլազա»-ում, որտեղից երթով անցել են մինչև ԱՄՆ-ի Սպիտակ տուն՝ արտասանելով տարբեր պահանջներ, ներառյալ տնտեսական բարեփոխումների և ԱՄՆ-ի կողմից արտասահմանում տեղի ունեցող հակամարտություններին միջամտությունը վերջ տալու պահանջները:
Ցույցի որոշ մասնակիցներ նախատեսում են վրաններ տեղադրել «Ֆրիդոմ պլազա»-ում և այնտեղ անցկացնել գիշերը:
Վաշինգտոնում անցկացված ցույցի մասնակից ակտիվիստները կրկնել են «Զբաղեցնել Ուոլ ստրիտը» շարժման պահանջները, որը չորեքշաբթի օրը մի քանի հազար ցուցարար է դուրս բերել Նյու Յորքի ֆինանսական թաղամաս: Շարժումը սկիզբ է առել այս տարվա սեպտեմբերի 17-ին ցուցարարների փոքր խմբի կողմից անցկացված ակացիայից, և այդ ժամանակից ծավալվել է՝ ձեռք բերելով արհմիությունների աջակցությունը:
Բողոքի ցույցերի մասնակիցներից շատերի զայրույթն է առաջացնում ԱՄՆ-ի բնակչության մեկ տոկոսը, որը, ըստ ցուցարարների, մենաշնորհ է հաստատել երկրի իշխանության և հարստության նկատմամբ: Ուոլ ստրիտի դեմ հանդես եկող ցուցարարները հաճախակի արտասանում են «Մենք 99 տոկոսն ենք» կարգախոսը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքում հիշատակել է այս շարժումը՝ անվանելով այն բազմաթիվ ամերիկացիների «հուսահատություն» ֆինանսական ոլորտում գործող շրջանակներով, որոնց մեղադրում են համաշխարհային վերջին տնտեսական ճգնաժամի ձևավորման մեջ: