Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի գրասենյակ. «Օբաման և Ռոմնին չեն արժանացել ամերիկահայ ընտրողների աջակցությանը»


Հայ դատը չի սատարելու ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներից ոչ մեկին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «ո՛չ նախագահ Բարաք Օբաման, ո՛չ էլ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ չեն արժանացել ամերիկահայ համայնքի պաշտոնական աջակցությանը»:

«Ո՛չ Բարաք Օբաման, որն անտեսել է Ամերիկայի հայերի խնդիրների վերաբերյալ տված իր բազմաթիվ խոստումները, ո՛չ էլ Միթ Ռոմնին, որը, զբաղեցնելով Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնը, հրապարակայնորեն նշանակալից որևէ գործողություն չի ձեռնարկել՝ անդրադառնալու մեր համայնքի համար կարևորություն ունեցող հարցերին, չեն վաստակել ամերիկահայ ընտրողների աջակցությունը», - Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունում ասել է նախագահ Քեն Խաչիկյանը՝ հավելելով. «Չնայած Կոնգրեսում, նահանգային կառավարությունների մակարդակով, լրատվամիջոցներում և Ամերիկայի քաղաքացիական հասարակության շրջանակում ձեռք բերված զգալի առաջընթացին, կառավարությունը՝ գործադիր իշխանության մակարդակով, պատանդ է մնում Անկարայի և Բաքվի օտարերկրյա կառավարությունների թելադրանքին»:

«Չնայած պատրաստ ենք ընտրապայքար վարող երկու կողմերի հետ էլ կառուցողական աշխատանքի՝ նախագահական ընտրությունների այս փուլում սակայն Ամերիկայի Հայ դատի գրասենյակը թեկնածուներին աջակցելու որևէ ծրագիր չունի», - հայտարարությունում ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը:
XS
SM
MD
LG