Մատչելի հղումներ

«Շնորհավորում ենք նախագահ Օբամային՝ հաղթանակի կապակցությամբ»


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է նախագահ Օբամային

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ-ում նախագահական և Կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ:

«Շնորհավորում ենք նախագահ Օբամային՝ հաղթանակի կապակցությամբ, գովասանքի խոսքեր ենք հղում նահանգապետ Ռոմնիին՝ լավ կազմակերպված ընտրարշավի կապակցությամբ, և շնորհակալություն ենք հայտնում ամերիկահայ այն ընտրողներին, որոնք ռեկորդ են սահմանել՝ մասնակցելով քվեարկությանը և սատարելով դաշնային, նահանգային և տեղական մակարդակի այն թեկնածուներին, որոնք իրենց հերթին սատարում են մեր համայնքի համար հատուկ մտահոգություն ներկայացնող հարցերը: Ակնկալում ենք անմիջապես աշխատանքի անցնել Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի նոր կազմի հետ՝ ամերիկահայ համայնքի համար հասարակական քաղաքականության ոլորտում առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

«Ականատես եղանք և գոհունակությամբ նշում ենք, որ Կոնգրեսում մեր աջակցությունը վայելող թեկնածուների զգալի մասի ընտրապայքարը, այդ թվում՝ հզոր այնպիսի ջատագովների, ինչպիսին են սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Էրիք Քանթորը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը և շատ ուրիշները, ընտրապայքարը հաջողությամբ է ավարտվել», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակն իր աջակցությունն է ցուցաբերել կոնգրեսական տեղերի համար պայքար վարող ավելի քան 140 թեկնածուի՝ Միացյալ Նահանգների ավելի քան 30 նահանգում:
XS
SM
MD
LG