Մատչելի հղումներ

«Amnesty International»-ը հրապարակել է մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցը


«Բանտերում պայմաններն ըստ հաղորդագրությունների հավասարվում են անմարդկային վերաբերմունքի»

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հրապարակել է մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցը, որի Հայաստանին վերաբերող բաժնում նշված է, որ երկրում որպես ոչ հայրենասիրական համարվող թեմաների վերաբերյալ հասարակության վերաբերմունքը թշնամական է եղել, իսկ բանտերում առկա պայմանները հավասարվում են անմարդկային վերաբերմունքի:

Զեկույցի «Խոսքի ազատություն» մասում նշված է, որ Հայաստանում խոսքի ազատության համար արգելքներ հիմնականում չկան, սակայն այն անձինք, որոնք արտահայտել են ոչ հայրենասիրական կամ հակաազգայնական համարվող կարծիքներ, դեմ առ դեմ կանգնել են հասարակությունում լայնատարած թշնամանքի և պարբերաբար՝ բռնությունների առջև:

«Ոստիկանությունը և տեղական իշխանություններն ըստ էության ժամանակ առ ժամանակ միանում էին այս հարձակումներին: Նրանք, բացի այդ, թերացել են նման գործողությունները հետաքննելու կամ հրապարակայնորեն և միանշանակորեն դատապարտելու գործում», - ասված է զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնի «Կտտանքներ և անմարդկային այլ վերաբերմունք» մասում կազմակերպությունը վկայակոչել է Տանջանքների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին հրապարակված զեկույցի արդյունքները, որոնք կազմվել են՝ հետևելով կազմակերպության կողմից Հայաստան 2011 թվականի դեկտեմբերին կատարված այցին: Եվրոպական կազմակերպության զեկույցում ասված է, որ «նախորդ այցելությունների ընթացքում ցմահ բանտարկության դատապարտվածների ազատազրկման վերաբերյալ գրեթե ոչ մի խորհուրդ ի կատար չի ածվել»: Զեկույցում, ըստ «Amnesty International»-ի, նշվել է նաև, որ Երևանի «Կենտրոն» բանտում տիրող վատ պայմաններն ոչ պիտանելի են դարձրել այս բանտը երկարատև ազատազրկման նպատակներով օգտագործելու համար:

«Amnesty International»-ի «Կրոնական հայացքների պատճառաբանությամբ զինվորական ծառայություն անցնելուց խուսափող անձինք» մասում արձանագրված է, որ Հայաստանում անցյալ տարվա վերջի դրությամբ ավելի քան 30 անձ ազատազրկման մեջ է մնում կրոնական հայացքների պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից խուսափելու հիմքերով, իսկ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը մնում է ռազմական վերահսկողության տակ:

Զեկույցի այս մասում նշված է, որ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է կրոնական հայացքների պատճառաբանությամբ զինվորական ծառայություն անցնելուց խուսափող անձնաց վերաբերյալ արդեն չորրորդ որոշումը, որի համաձայն «Խաչատրյան և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Հայաստանը խախտել է Եհովայի 17 վկաների իրավունքները:

«Եվրոպական դատարանի որոշման համաձայն, Եհովայի վկաների ազատության և անվտանգության, ինչպես նաև անօրինական ազատազրկման համար փոխհատուցում ստանալու իրավունքները խախտվել են: Ազատազրկման ժամանակ նրանց քրեական մեղադրանքներ են ներկայացվել, քանի որ այդ անձինք լքել են այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերը, երբ գիտակցել են, որ դրանք գտնվում են ռազմական վերահսկողության ներքո», -ասված է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում:
XS
SM
MD
LG