Մատչելի հղումներ

«Amnesty International». «Ադրբեջանի կառավարությունը վտանգավոր ուղերձ է հղում»


«Ներում շնորհելով, ապա Ռամիլ Սաֆարովին խրախուսելով՝ նախագահ Ալիևը ադրբեջանցիներին ուղերձ է հղել, որ հայերի դեմ բռնությունները ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի են»

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է արտահայտել մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման փաստի առիթով և կարծում է, որ այս գործողությունները կարող են ընկալվել որպես էթնիկական դրդապատճառներ ունեցող բռնության աջակցություն»:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական հայտարարությունում մտահոգություն է արտահայտվել, որ Ադրբեջանի կառավարության այս գործողությունները կսրեն ադրբեջանցիների և հայերի միջև առկա լարվածությունն ու կխրախուսեն էթնիկական հողի վրա հետագա բռնությունները։

Կազմակերպությունը կոչ է անում երկու պետությունների կառավարություններին հրապարակայնորեն դատապարտել էթնիկական հողի վրա բռնությունները:

«Սաֆարովին, որը իր իսկ խոստովանությամբ գլխատել էր մարդուն միայն նրա համար, որ հայ էր, ներում է շնորհվել, ապա ազատ արձակվելուց հետո Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից մայորի կոչում է շնորհվել», - հիշեցնում է «Amnesty International»-ը։

«Ներում շնորհելով, ապա Ռամիլ Սաֆարովին խրախուսելով՝ նախագահ Ալիևը ադրբեջանցիներին ուղերձ է հղել, որ հայերի դեմ բռնությունները ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի են։ Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին տրված պարգևներն ու հրապարակայնորեն դատապարտի էթնիկական հողի վրա բռնությունները։ Հայաստանի կառավարությունը ևս պետք է հասկացնի, որ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ վրեժն անընդունելի է», - իր ուղերձում շեշտել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
XS
SM
MD
LG