Մատչելի հղումներ

Հիշատակի արարողություններ ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 11-ի հարձակումների 11-րդ տարելիցի կապակցությամբ


Ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվածների ընտանիքները կմասնակցեն «Զրոյական կետում» զոհվածների անունների ընթերցման արարողությանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին մեկ րոպե լռությամբ կհարգեն Նյու Յորքում և Վաշինգտնում 11 տարի առաջ «ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումների զոհերի հիշատակը:

Նախագահն ու առաջին տիկինը հարգանքի տուրք կմատուցեն այն ժամանակ՝ առավոտյան ժամը 8:45-ին, երբ Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներից մեկի մեջ էր մխրճվել ահաբեկիչների կողմից հափշտակված առաջին օդանավը:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը ահաբեկչական հարձակումների զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո Բարաք և Միշել Օբամաները նման արարողության կմասնակցեն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում՝ Պենտագոնում, որտեղ վայր էր ընկել ահաբեկիչների կողմից որպես հարձակման գործիք օգտագործված մարդատար երրորդ օդանավը:

Ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվածների ընտանիքները, ինչպես և նախորդ տարիներին, կմասնակցեն «Զրոյական կետում» զոհվածների անունների ընթերցման արարողությանը, սակայն, ի տարբերություն նախորդ տարիներին, այս արարողությանը պետական պաշտոնյաներ չեն մասնակցի:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 11-ին կմասնակցի Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքում կայանալիք արարողությանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով: Շենքսվիլում ահաբեկիչների կողմից 11 տարի առաջ հափշտակված օդանավը վայր էին ընկել այն բանից հետո, երբ ուղևորները փորձել են կանխել ահաբեկիչների կողմից օդանավի՝ որպես Վաշինգտոնում ևս մեկ թիրախ խոցելու գործիք օգտագործելը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան երկուշաբթի օրն այցելել էր Շենքսվիլի հուշահամալիրը: Հիշատակի արարողության ընթացքում պաշտպանության նախարարն ասել է, որ ամերիկացիները երբեք չպետք է մոռանան 2001 թվականից թալիբների և «ալ-Քաիդա»-ի առաջնորդ՝ Օսամա բին Լադենի դեմ պայքարելու համար Աֆղանստան ուղարկված զինծառայողներին:

«Կարծում եմ՝ բավականին հաճախ մենք չենք արտահայտում մեր ուշադրությունն ու հոգատարությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարում և զոհվում են հանուն մեր երկրի: Նրանք ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ պայքարելով այս երկրի անվտանգությունն ապահովելու համար: Նման զոհաբերությունը մոռանալն անկարելի է», - հիշատակի արարողության ժամանակ ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:
XS
SM
MD
LG