Մատչելի հղումներ

«Իրանում անհայտացած ամերիկացին աշխատում էր ԿՀՎ-ի համար». զեկույց


Իրանում անհայտացած Ռոբերտ Լևինսոնը հետախուզական տեղեկություններ էր հավաքում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի մի խումբ վերլուծաբանների պատվերով

«Իրանում մոտ յոթ տարի առաջ դեռևս չպարզված եղանակով անհայտացած ամերիկացին մասնակցում էր ԿՀՎ-ի գործակալների կողմից իրականացվող չհաստատված գործողությանը»:

Այս մասին հաղորդել են «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունն ու «Վաշինգտոն Փոստ» պարբերականը, որոնց համաձայն Իրանում անհայտացած Ռոբերտ Լևինսոնը հետախուզական տեղեկություններ էր հավաքում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի մի խումբ վերլուծաբանների պատվերով, որոնք չունենին օտարերկրյա պետություններում գործողությունների իրականացման իրավասություն:

ՀԴԲ-ի նախկին գործակալ Լևինսոնն անհայտացել էր 2007 թվականին Իրանին պատկանող Քիշ կղզին այցելելուց հետո: Լևինսոնի ընտանիքի և ԱՄՆ-ի պետական աղբյուրների համաձայն, Լևինսոնն կղզին այցելել էր անձնական գործարար նպատակներով:

Լրատվամիջոցների կողմից հրապարակված զեկույցները սակայն վկայում են այն մասին, որ Քիշ կղզու այցելության ընթացքում Լևինսոնն իրականում հանդիպել էր Դավուդ Սալահուդդինի հետ, որը հետախուզության մեջ է գտնվում ԱՄՆ-ում 1980 թվականին Իրանի դիվանագետներից մեկի սպանության համար, և որը սերտ հարաբերություններ ունի Իրանի ղեկավարության հետ:

Զեկույցների համաձայն, Լևինսոնի փաստաբանին հաջողվել էր հայտնաբերել էլեկտրոնային նամակներ, որտեղ ԿՀՎ-ի վերլուծաբաններից մեկը Լևինսոնի ճանապարհորդությունից առաջ երաշխավորել էր գործուղման ընթացքում վերջինիս կողմից կատարված բոլոր ծախսերի փոխհատուցումը:

«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, Լևինսոնը հետևում էր ԿՀՎ-ի վերլուծաբան Աննե Ջաբլոնսկիի կողմից արձակվող հրահանգներին: Ջաբլոնսկին սակայն հերքում է այդ մասին տեղեկությունները՝ ասելով, թե այդ ժամանակ տեղյակ չէր, որ Լևինսոնը մեկնել էր Իրան:

Զեկույցների համաձայն, Լևինսոնի գործով ԿՀՎ-ի կողմից իրականացված ներքին հետաքննության արդյունքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել գործակալության տասը աշխատող, որոնցից երեքը հեռացվել են աշխատանքից: ԱՄՆ-ի հետախուզական այս վարչությունը, բացի այդ, ստիպված էր եղել 2,5 միլիոն դոլար վճարել Լևինսոնի ընտանիքին՝ դատական գործ հարուցելուց խուսափելու համար:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քեյթին Հայդենը հրաժարվել էր մեկնաբանություններ ներկայացնել Լևինսոնի և ԱՄՆ-ի կառավարության կողմից որևէ կապեր ունենալու վերաբերյալ՝ նշելով սակայն, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները ջանքեր են գործադրել Լևինսոնի հետ կապված տեղեկությունների հրապարակման կանխարգելման նպատակով՝ ելնելով նրա անվտանգության նկատառումներից:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակի համաձայն, ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լևինսոնին գտնելուն և անվտանգ եղանակով Միացյալ Նահանգներ վերադարձնելուն: Այս նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը 1 միլիոն դոլարի պարգևատրում է խոստանում Լևինսոնին անվտանգ եղանակով հայտնաբերելու հնարավորություն տվող տեղեկությունների տրամադրման համար:

65-ամյա Լևինսոնից լուրեր վերջին անգամ հաղորդվել են 2010 թվականին, երբ իր ընտանիքը ստացել էր կարճ տեսանյութ, որտեղ ինքը խնդրում էր օգնություն ցուցաբերել և ասում, թե վատառողջ է:

Իրանի իշխանությունները սակայն պնդում են, որ չեն պահում Լևինսոնին և անտեղյակ են նրա գտնվելու վայրի մասին:
XS
SM
MD
LG