Մատչելի հղումներ

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներին


Մրցանակը շնորհվել է շուկայում գործող տարբեր կողմերը միմյանց հետ հնարավորինս արդյունավետորեն համապատասխանեցնելու ոլորտում իրականացված հետազոտությունների համար

Ամերիկացի երկու տնտեսագետներին երկուշաբթի օրը շնորհվել է Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակը՝ շուկայում գործող տարբեր կողմերը միմյանց հետ հնարավորինս արդյունավետորեն համապատասխանեցնելու ոլորտում իրականացված հետազոտությունների համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան երկուշաբթի օրը հայտնել է, որ Նոբելյան մրցանակը շնորհվել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ալվին Ռոթին և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Լլոյդ Շեփլիին:

89-ամյա Լլոյդ Շեփլին արժանացել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի գովասանքին՝ մշակելու համար այնպիսի մի գործընթաց, որը թույլ է տալիս կայուն եղանակով համապատասխանեցնել շուկայում գործող տարբեր անձանց կամ կազմակերպություններին՝ այս կերպ սահմանափակելով միմյանց նկատմամբ մեքենայություններ իրականացնելու միտումը: Ակադեմիան նաև նշել է այն լուման, որը ներ է դրել 60-ամյա Ռոթը՝ անցկացնելով փորձեր, որոնց միջոցով ապացուցվել է, թե ինչպես Շեփլիի տեսությունը կարող է գործնականում նպաստել կարևոր շուկաների գործունեության բարելավմանը:

Գիտությունների ակադեմիան նշել է նաև, որ Ռոթն օգտագործել է Շեփլիի հետազոտությունները՝ վերակազմավորելու համար սկսնակ բժիշկներին՝ հիվանդանոցների, աշակերտներին՝ դպրոցների, և օրգանների դոնորներին՝ հիվանդների հետ համապատասխանեցման հրահանգները:

Ամերիկացի երկու գիտնականները, որոնց հետազոտություններն անց են կացվել միմյանցից անկախ, կիսելու են «տնտեսական ծրագրավորման ակնառու օրինակի համար» իրենց շնորհված 1,2 միլիոն դոլար արժողությամբ մրցանակը:

Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցյալ երկուշաբթի օրը մեկնարկած Նոբելյան շաբաթի առաջին՝ բժշկության ոլորտի մրցանակը շնորհվել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Գուրդոնին և ճապոնացի Շինյա Յամանակային՝ ցողունային բջիջների ուսումնասիրության համար:

Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակն անցյալ շաբաթ երեքշաբթի օրը շնորհվել է ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդին և ֆրանսիացի Սերժ Հարոշին՝ քվանտային մասնիկների հետ կապված հետազոտությունների համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր մրցանակը չորեքշաբթի օրը շնորհել է ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցին ու Բրայան Կոբիլկային:


Չինացի գրող Մո Յանին հինգշաբթի օրը շնորհվել է գրականության ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը: Նկարագրելով Մո Յանի աշխատանքները, Նոբելյան հանձնաժողովը նշել է, որ հեղինակը, միակցելով ժողովրդական հեքիաթները, պատմությունն ու ներկայիս ժամանակը, ստեղծում է «հալյուցինատորային իրականություն»:

Եվրոպական Միությանն ուրբաթ օրը շնորհվել է 2012 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը:

Նոբելյան մրցանակների դափնեկիրներին մրցանակները կշնորհվեն Ստոքհոլմում և Օսլոյում դեկտեմբերի 10-ին կայանալիք պաշտոնական արարողությունների ժամանակ:
XS
SM
MD
LG