Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը բարձրաձայնել է ամերիկահայերի ընդդիմությունը Սիրիայի ուղղությամբ հարվածների իրականացման հարցում


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրել է նամակ, որտեղ արտահայտվում է ամերիկահայ համայնքի խորը մտահոգությունը Սիրիայի հայկական բնակչության ճակատագրով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրել է նամակ, որտեղ արտահայտվում է ամերիկահայ համայնքի խորը մտահոգությունը Սիրիայի հայկական բնակչության ճակատագրով և Սիրիայի բոլոր քաղաքացիների բարեկեցությամբ: Նամակը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է դեմ հանդես գալ ԱՄՆ-ի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու որոշման:


«Այն ժամանակ, երբ մեր երկրի ընտրված ներկայացուցիչներն այս շաբաթ կհավաքվեն՝ քննարկելու համար Սիրիայում գտնվող թիրախների դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները, մենք, որպես ամերիկահայեր, ցանկանում ենք մեր ձայնը միացնել մեր այն համաքաղաքացիների ձայներին, որոնք ընդդիմանում են ամերիկյան ռազմական հարվածներին և բռնության ահագնացմանը» - ասված է հաղորդագրության մեջ:

«Նման ահագնացումը, ամենայն հավանականությամբ, հետագա մարտահրավերներ կստեղծի և լրացուցիչ լուրջ վնաս կպատճառի քրիստոնյա համայնքներին, այդ թվում՝ Սիրիայի հայ փոքրամասնությանը», - ասված է ամերիկացի կոնգրեսականներին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանի հղած նամակում:

«Արդեն իսկ անչափ շատ արյուն է հեղվել, եղել են անչափ շատ վայրագություններ և անչափ շատ տառապանք: Ագրեսիայի ահագնացումը ո՛չ կյանքեր կփրկի, ո՛չ կնպաստի խաղաղության հաստատմանը», - ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Նույն նամակում Խաչիկյանը նշել է, որ ամերիկահայերին շարունակում է անհանգստացնել այն հարցը, որ «չնայած հարյուր միլիոնավոր դոլար կազմող գումարների հասնող ծախսերի, լուրջ տարբերություն է մնում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող և մարդասիրական այն օգնության միջև, որն իրականում հասնում է Հալեպում և ամբողջ Սիրիայում բնակվող՝ վտանգի տակ գտնվող հայկական և այլ փոքրամասնություններին»:
XS
SM
MD
LG