Մատչելի հղումներ

Ամերիկահայերը պահանջել են նախագահ Օբամայից թույլատրել «Հայ որբերի գորգի» ցուցադրումը


Գլենդեյլում անցկացված մամուլի ասուլիսի մասնակիցները ստորագրել են նախագահ Օբամային հասցեագրված նամակ, որտեղ պահանջել են թույալտրել Հայոց ցեղասպանության տարիներին մարդկության դեմ այս հանցագործության հետևանքով որբացած երեխաների գործած գորգի հանրային ցուցադրումը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ կատարած այցի ընթացքում հայկական համայնքի կրոնական և համայնքային առաջնորդներն անցկացրել են մամուլի ասուլիս, որտեղ պահանջել են նախագահից դադարեցնել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրման ճանապարհին ստեղծված խոչընդոտները:

Մամուլի ասուլիսի մասնակիցները, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրության, ստորագրել են նախագահ Օբամային հասցեագրված նամակ, որտեղ ողջունել են նրա այցը Գլենդեյլ՝ միաժամանակ պահանջելով թույալտրել Հայոց ցեղասպանության տարիներին մարդկության դեմ այս հանցագործության հետևանքով որբացած երեխաների գործած գորգի հանրային ցուցադրումը:

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Լաուրա Լուկաս Մագնուսոնին ավելի վաղ հղել էր Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի մոտալուտ շնորհանդեսի ընթացքում «Հայ որբերի գորգը» «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրելու խնդրի վերաբերյալ հարց` խնդրելով բացատրել, թե ինչու է Սպիտակ տունը որոշել չտրամադրել գորգը ցուցադրության:

«ԱՄՆ-ի Սպիտակ տան հավաքածուի մաս կազմող իրերը տրամադրվում են «Սմիթսոնիան» կազմակերպության միմիայն ամբողջապես մշակված ցուցահանդեսներում ներառված լինելու նպատակով, այլ ոչ թե մեկանգամյա միջոցառումների համար: Բացի այդ, համաձայն արդեն երկար ժամանակ գործող քաղաքականության՝ Սպիտակ տան հավաքածուի մաս կազմող իրերը չեն տրամադրվում մասնավոր միջոցառումներին: Գրքի շնորհանդեսի մասնավոր միջոցառման ընթացքում գորգի ընդամենը կես օրով ցուցադրումը կդառնար ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում, կպահանջեր ԱՄՆ-ի Սպիտակ տնից դիմել հանրային սահմանափակ ցուցադրման նպատակով փոխադրման հետ կապված ռիսկի և չի համարվում գորգի պատմական նշանակությանը համապատասխանող», - եղել է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարի պատասխանը:

ԱՄՆ-ի ավելի քան 30 կոնգրեսական դրել են իրենց ստորագրությունները կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Դեյվիդ Վալադաոյի հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:

Կոնգրեսական Ադամ Շիֆն հստակ վերագրել է «Հայ որբերի գորգի» ցուցադրումից հրաժարումը ԱՄՆ-ի Սպիտակ տան դիվանագիտական մտավախություններին:

«Դժվարանում եմ որևէ այլ եզրահանգումների գալ բացի այն երզհահանգումից, որ նրանք չեն ցանկանում վիրավորանք հասցնել Թուրքիային: Եթե դա է դրդապատճառը, ապա այն միանգամայն անընդունելի է», - ասել էր կոնգրեսական Շիֆը՝ արձագանքելով գորգը ցուցադրելու իր պահանջին ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Մագնուսոնի կողմից տրված պատասխանին, որի համաձայն Հակոբ Մարտին Դերանյանի գրքի ցուցահանդեսի ընթացքում գորգի ցուցադրումը «կհամարվի ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում»:
XS
SM
MD
LG