Մատչելի հղումներ

Ամերիկահայ համայնքը պահանջել է ԱՄՆ-ից Քեսաբի հարցում դիմել գործողությունների


Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են նաև, որ ԱՄՆ-ը աջակցություն տրամադրի Քեսաբի հայազգի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, ինչպես նաև օգնություն տրամադրի անհայտ կորած ընտանիքի անդամներ ունեցող ամերիկացիներին՝ իրենց բարեկամներին գտնելու և անվտանգության ապահովման գործում

Ամերիկահայ համայնքի և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարարությունում, որի ընթացքում հորդորել են Միացյալ Նահանգների կառավարությանն անհապաղ գործողությունների դիմել՝ դադարեցնելու համար Սիրիայի հայաբնակ պատմական Քեսաբ բնակավայրի ուղղությամբ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկիչների շարունակվող գրոհը, որը մեկնարկել էր Թուրքիայի տարածքից մարտի 21-ին:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված հանդիպման ընթացքում, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական հաղորդագրության, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները շեշտել են, որ «Միացյալ Նահանգները կրում է Քեսաբի բնակիչներին պաշտպանելու ուրույն պարտականություն, մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց մեծ մասն ունեն Միացյալ Նահանգներում բնակվող ընտանիքի անդամներ, որոնք ջանքեր են գործադրում՝ Քեսաբի հայերին պաշտպանություն և ապաստան տրամադրելու ուղղությամբ»:

ԱՄՆ-ի արտգործնախարարություն այցելած ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությունը ներկայացրել է մի շարք անհապաղ գործողությունների ցանկ, որոնց պետք է դիմի Միացյալ Նահանգները: Այս պահանջներից են հայաբնակ Քեսաբի ուղղությամբ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից իրականացված վայրագ հարձակման հրապարակային դատապարտումը, Քեսաբից ծայրահեղականների անհապաղ հեռացման մասին պահանջ ներկայացնելը, խաղաղ բնակչության շարունակական պաշտպանության երաշխիքներին օժանդակելը և Քեսաբի շուրջ ապառազմականացված գոտու վերականգնումը:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են նաև, որ Քեսաբից տեղահանված և Լաթաքիա քաղաքում ապաստան գտած խաղաղ բնակիչներին տրամադրվի թիրախավորված մարդասիրական օգնություն, իսկ Թուրքիային ներկայացվի իր սահմաններն ամրապնդելու և Քասաբում գտնվող ահաբեկիչներին պաշարներ ստանալու կամ Թուրքիա վերադառնալ չթույլատրելու պահանջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված հանդիպման ընթացքում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են նաև, որ Միացյալ Նահանգները հետաքննություն անցկացնի ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների նման զինյալների խմբերին Թուրքիայի կողմից տրամադրվող աջակցության հանագամանքը ու հրապարակի այս հետաքննության արդյունքները:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները, ըստ հաղորդագրության, պահանջել են նաև, որ ԱՄՆ-ը աջակցություն տրամադրի Քեսաբի հայազգի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, ինչպես նաև օգնություն տրամադրի անհայտ կորած ընտանիքի անդամներ ունեցող ամերիկացիներին՝ իրենց բարեկամներին գտնելու և անվտանգության ապահովման գործում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս շաբաթ ավելի վաղ հորդորել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ի Կոնգրեսին ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Քեսաբ գյուղի ուղղությամբ ծայրահեղականների հարձակումներին օժանդակության ցուցաբերումը դադարեցնելու նպատակով: Քեսաբի հիմնականում հայազգի բնակչությունն այս շաբաթվա սկզբին իր դեմ ուղղված հարձակումների պատճառով և ջարդերից խուսափելու նպատակով ստիպված էր եղել լքել Քեսաբը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Հանձնախմբի մամուլի ծառայության համաձայն, նախագահ Օբամային հասցեագրված իր նամակում հորդորել է կարգադրել ԱՄՆ-ի արտգործնախարարին, Թուրքիայում և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպաններին, որպեսզի վերջիններս պահանջեն Թուրքիայից դադարեցնել միջսահմանային հարձակումները Քեսաբի ուղղությամբ, որոնք դարձել են խաղաղ բնակչության անմիջական էվակուացման, Քեսաբի բնակիչների ունեցվածքի հափշտակման և եկեղեցիների պղծման պատճառը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված իր նամակում Ամերիկայի հայկական համագումարի նամակում ասված է, որ «ամերիկահայերի համար Քեսաբում հայերի բնակարանների կողոպուտի ենթարկվելու և անմեղ մարդկանց սպանությունների պատկերներն արթնացնում են 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության սկզբնական փուլի մասին ցավոտ հիշողությունները»:

Սիրիայում Թուրքիայի սահմանամերձ շրջանում գտնվող Քեսաբ գյուղին մինչև վերջին ժամանակներս հաջողվում էր խուսափել երկրում չդադարող հակամարտության ընթացքում տեղի ունեցող մարտերից: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալների համաձայն, տեղի հայազգի բնակչությունը վերջին տարիներին զգալի աճ էր ապրել, քանի որ գյուղը ապահով ապաստան էր դարձել պատերազմից տուժած Հալեպ, Յաքուբիե և Ռաքա քաղաքներից փախուստի դիմած հայերի համար:

Ըստ հաղորդագրությունների, անցյալ շաբաթվա վերջին օտարերկրյա ծայրահեղական զինյալները Քեսաբ գյուղի ուղղությամբ լայնածավալ հարձակում էին սկսել՝ ստիպելով գյուղի բնակիչներին փախուստի դիմել մոտակա Լաթաքիա և Բասիթ քաղաքներ:
XS
SM
MD
LG