Մատչելի հղումներ

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բոլոր տեսակներն ընդհանուր պատճառ ունեն


Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բոլոր տեսակներն ընդհանուր պատճառ ունեն
Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բոլոր տեսակներն ընդհանուր պատճառ ունեն

Չիկագոյի Հյուսիսարևելյան համալսարանի հետազոտողների կարծիքով, իրենք կարողացել են գնտել չբուժվող ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բոլոր տեսակների ընդհանուր գենետիկական պատճառը: Հայտնագործումը կարող է արագացնել այս հիվանդության բուժման մշակումը, որով տառապում է աշխարհում գրեթե 350 հազար մարդ:

Ամերիկացիներին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը հայտնի դարձավ Նյու Յորքի բեյսբոլի Յանկիների թիմի խաղացող Լու Գերիգի միջոցով:

Երբ 1939 թվականին Գերիգի մոտ ախտորոշվել է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ինքը լքել է սպորտը: Այս հիվանդությունը հաճախակի անվանում են «Լու Գերիգի հիվանդություն»:

Նյարդերի դեգեներատիվ այս խանգարման դեպքում մարմնի կամայական շարժումները հսկող նյարդային բջիջները վնասվում են և այլևս պատշաճ կերպով չեն հաղորդակցվում մկանների հետ:

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ախտանիշերից են կարկամումը, մկանների լարումը և ցնցումները, որոնք ի վերջո բերում են ոտքերի և ձեռքերի թուլացման և ոչ պարզ, աղավաղված խոսքի: Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապող հիվանդները կորցնում են իրենց ձեռքերը, ոտքերը և մարմինը շարժելու կարողությունը:

Բժիշկ Տիպու Սիդիքը գլխավորել է Հյուսիսարևելյան համալսարանի այս հիվանդությունն ուսումնասիրող հետազոտողների խումբը: Իր վկայությամբ, հիվանդության առաջխաղացման հետ հիվանդը հայտնվում է իր իսկ մարմնի թակարդում՝ չի կարողանում կուլ տալ, խոսել կամ շնչել:

«Մարդկային տեսանկյունից՝ ճակատագրական լինելուց բացի սա շատ նվաստացուցիչ է», - ասում է բժիշկ Սիդիքը:

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդները մահանում են երկուսից հինգ տարվա ընթացքում:

Այս հիվանդությունը չի բուժվում, և մինչև վերջերս հայտնի չէր նաև դրա առաջացման պատճառը: Սակայն Հյուսիսարևելյան համալսարանում Միացյալ Նահանգներից և Կանադայից գիտնականների մի խումբ վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ընտանիքներում, որտեղ կան ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապողներ, հայտնաբերվել են ընդհանուր գենետիկական գծեր: Հիվանդության առաջացման պատճառը կարող է լինել յուբիքուլին-երկու կոչվող գենը: Սովորաբար գենը վերամշակում և վերականգնում է ողնուղեղում և ուղեղում նյարդային բջիջների գործողության համար կարևոր սպիտակուցները: Սակայն ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդների մոտ «Ubiquilin-երկու» գենը վնասվում է և սպիտակուցները չեն վերականգնվում՝ շատ արագ վնասելով նեյրոնները:

Բժիշկ Սիդիքը հույս է հայտնել, որ այս հայտնագործությունը կօգնի բուժում գտնելու համար կատարվող հետագա ուսումնասիրություններին:

«Այս հայտնագործությունը թույլ կտա պատկերացնել, թե ինչպես է գործում հիվանդության մեխանիզմը: Նյարդերի դեգեներատիվ խանգարման մեջ ամենադժվար հարցը հիվանդության մեխանիզմն է՝ ինչու և ինչպես են բջիջները հիվանդանում և կազմափոխվում, ինչպես են կորցնում կապը մկանների հետ, սրանք են հիվանդության գլխավոր հարցերը», - ասում է Սիդիքը:

Սալցմանների ընտանիքը ծանոթ է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի հետևանքներին և մասնակցել է հետազոտությանը: Այս հիվանդությունից մահացել են Ջոեն Սալցմանի հայրը, մայրը, երկու մորաքույրները և որդին, և ինքն անհանգստանում է իր թոռների համար:

Սալցմանը հուսով է, որ բժիշկ Սիդիքը և նրա խումբը կմշակեն դեղորայք, որը որոշ ժամանակով կերկարացնի ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապող հիվանդների կյանքը և հնարավոր է՝ բուժի ապագայում այդ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց:

XS
SM
MD
LG