Մատչելի հղումներ

Հալեպում ռմբակոծվել են հայաբնակ թաղամասեր


«Հալեպի և հայաբնակ թաղամասերի ուղղությամբ մի քանի օրվա ընթացքում իրականացվել է ուժգին ռմբակոծություն: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին զոհվել էր երեք սիրիահայ»

«Սիրիայի ամենախոշոր քաղաքի հայաբնակ շրջանները ենթարկվել են ռմբակոծության, որի հետևանքով վիրավորվել է երկու սիրիահայ և մեծ վնասվածքներ են հասցվել «Վիլաներ» և «Շեյխ Թահա» թաղամասերին»:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ում հրապարակվող «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով սիրիահայ «Գանձասար» շաբաթաթերթի թղթակից Զարմիկ Բողիկյանին:

«Ասպարեզ»-ի հաղորդագրությամբ՝ ուրբաթ օրը Հալեպի հայաբնակ թաղամասերի ուղղությամբ տեղի ունեցած ռմբակոծությանն անհապաղ արձագանքել էին հրշեջները, որոնք վիրավոր սիրիահայերին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Հալեպում ուրբաթ օրն ավելի վաղ տեղի էր ունեցել ևս մեկ ռմբակոծություն, որոնց հետևանքով ըստ «Ասպարեզ»-ի, վնասվածքներ էր ստացել երեք սիրիահայ:

«Հալեպի և հայաբնակ թաղամասերի ուղղությամբ մի քանի օրվա ընթացքում իրականացվել է ուժգին ռմբակոծություն: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին զոհվել էր երեք սիրիահայ», - ասված է ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայն անցյալ ամսվա վերջին պատասխանել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն հասցեագրված նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ», - տեղեկացրել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը, ըստ հաղորդագրության, հավաստիացրել էր, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի:
XS
SM
MD
LG