Մատչելի հղումներ

Հալեպում հայկական եկեղեցի է ռմբակոծվել


Հալեպի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդություն, նաև որպես «Զվարթնոց» հայտնի եկեղեցու ռմբակոծության հետևանքով զոհեր չեն եղել, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ

Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին:

Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը:

Հալեպի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդություն, նաև որպես «Զվարթնոց» հայտնի եկեղեցու ռմբակոծության հետևանքով զոհեր չեն եղել, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու ռմբակոծության ընթացքում հրթիռներից մեկն ընկել էր Հալեպում բնակվող հայ ընտանիքներից մեկին պատկանող տան վրա՝ առաջացնելով հրդեհ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ավելի վաղ հորդորել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ի Կոնգրեսին ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Քեսաբ գյուղի ուղղությամբ ծայրահեղականների հարձակումներին օժանդակության ցուցաբերումը դադարեցնելու նպատակով: Քեսաբի հիմնականում հայազգի բնակչությունն այս շաբաթվա սկզբին իր դեմ ուղղված հարձակումների պատճառով և ջարդերից խուսափելու նպատակով ստիպված էր եղել դիմել փախուստի:

Սիրիայում Թուրքիայի սահմանամերձ շրջանում գտնվող Քեսաբ գյուղին մինչև վերջին ժամանակներս հաջողվում էր խուսափել երկրում չդադարող հակամարտության ընթացքում տեղի ունեցող մարտերից: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալների համաձայն, տեղի հայազգի բնակչությունը վերջին տարիներին զգալի աճ էր ապրել, քանի որ գյուղը ապահով ապաստան էր դարձել պատերազմից տուժած Հալեպ, Յաքուբիե և Ռաքա քաղաքներից փախուստի դիմած հայերի համար:

Ըստ հաղորդագրության, անցյալ շաբաթվա վերջին օտարերկրյա ծայրահեղական զինյալները Քեսաբ գյուղի ուղղությամբ լայնածավալ հարձակում էին սկսել՝ ստիպելով գյուղի բնակիչներին փախուստի դիմել մոտակա Լաթաքիա և Բասիթ քաղաքներ:
XS
SM
MD
LG