Շիա հոգևորական Մոքթադա ալ-Սադրը, վերադառնալով Իրաք ավելի քան երեք տարի տևած արտաքսումից հետո, հրապարակային իր առաջին ելույթում կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել դիմադրությունը ամերիկյան ուժերին։
Իրաքի Նաջաֆ քաղաքում հավաքված հազարավոր կողմնակիցներին ալ-Սադրը կոչ է արել անհրաժեշտ ցանկացած միջոցներով դիմադրություն ցույց տալ ԱՄՆ-ին և Իրաքում գտնվող օտարերկրյա մյուս ուժերին։
Նա նույնպես կոչ է արել իրաքցիներին սատարել երկրի նորընտիր կառավարությանը, եթե այն պաշտպանի Իրաքի ժողովրդի շահերը։
Ալ-Սադրը չորեքշաբթի օրը Իրաք է վերադարձել Իրանից, որտեղ նա ապրել է արտաքսման ընթացքում, և դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ է նախատեսում մնալ Իրաքում։
ԱՄՆ-ի կողմից 2003 թվականին Իրաք ներխուժելուց հետո ալ-Սադրը դարձել է ԱՄՆ-ի դեմ պայքարող ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Նա կազմակերպել է իր գլխավորած «Մեհդիի բանակի» երկու ապստամբություն ընդդեմ ամերիկյան ուժերի։
Ալ-Սադրը քաղաքական շարժումն անցյալ տարվա վիճահարույց ընտրություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերել Իրաքի կառավարության կազմի մեջ ընդգրկվելու մասին, և նրա կողմնակիցներն օժանդակել են Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին՝ վերընտրվելու հարցում։