Մատչելի հղումներ

«Ալ-Քայիդա»-ի ինքնասպան ահաբեկիչը երկակի գործակալ էր


«Եմենում «ալ-Քայիդա»-ի մասնաճյուղի կողմից Միացյալ Նահանգներ ուղևորվող օդանավում պայթյուն իրականացնելու համար ուղարկված անձն իրականում «երկակի գործակալ» էր, որին հաջողվել էր ներթափանցել ահաբեկչական ցանց՝ համոզելով վերջիններին վստահել իրեն օդանավակայանի անվտանգության համակարգի միջով ռումբի նոր տեսակը տեղափոխելու գործողությունը»:

Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են իրենց անունը բացահայտելուց հրաժարված ԱՄՆ-ի և օտարերկրյա հետախուզական ծառայությունների պաշտոնյաները՝ հավելելով, որ գաղտնի գործակալն համագործակցում էր Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության և ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ: Նրանց համաձայն, գործակալը եղել է այն անձը, ով «ինքնակամ» համաձայնվել է դառնալ ինքնասպան ահաբեկիչ՝ իրականացնելով օդանավի պայթյունը ներքնազգեստում տեղադրված պայթուցիկ նյութի միջոցով: Դրանից հետո գործակալին հաջողվել է փոխանցել պայթուցիկ բարդ սարքը ԱՄՆ-ի պաշտոնյաներին, որոնք այժմ ուսումնասիրում են այդ սարքը Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում գտնվող ՀԴԲ-ի լաբորատորիայում:

Պաշտոնյաների համաձայն, «երկակի գործակալը» նաև տրամադրել է տեղեկություններ, որոնք նպաստել են կիրակի օրը Եմենում «ալ-Քայիդա»-ի առաջնորդներից մեկի՝ Ֆահդ Մոհամմեդ Ահմեդ ալ-Քուսոյի ուղղությամբ հարձակման իրականացման, որի արդյունքում վերջինս ոչնչացվել է: Ալ-Քուսոն հետախուզության մեջ էր Եմենում 2000 թվականին ԱՄՆ-ի «Քոուլ» ռազմավանի ռմբակոծության մեջ իր ունեցած դերի համար:

Գործակալի ինքնությունը չի բացահայտվել: Պաշտոնյաների համաձայն, գործակալին պահանջվել է բավականին շատ ժամանակ՝ «Արաբական թերակղզում ալ-Քայիդա»-ի վստահությունը ձեռք բերելու համար:

Հաղորդագրությունների համաձայն ԱՄՆ-ի վարչակազմը նախատեսում էր գաղտնի պահել ռումբի հայտնաբերման մասին գործողությունը, սակայն «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունն անցյալ շաբաթ տեղեկացել էր դրա մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խնդրանքով հետաձգելով դրա մասին լուրերի հրապարակումը:

XS
SM
MD
LG