Ինտերնետում ալ Քայիդայի կողմից տարածված հայտարարության համաձայն, Պակիստանում սպանվել է կազմակերպության կարևոր ղեկավար անդամներից` Մուստաֆա ալ Յազիդը:
Հունիսի 1-ին Պակիստանի իշխանությունները հաստատել են Յազիդի սպանության վերաբերյալ լուրերը, նշելով, որ ահաբեկիչն իր ընտանիքի հետ մեկտեղ սպանվել է նախորդ ամիս` Պակիստանի հյուսիսային Վազիրիստան նահանգում:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայության մի պաշտոնյա, խոսելով Յազիդի սպանության վերաբերյալ, միջադեպը որակել է որպես “մեծ հաղթանակ” հակաահաբեկչության տեսանկյունից:
Եգիպտոսում ծնված ահաբեկիչը, ով հայտնի էր նաև որպես Շեյխ Սայիդ ալ Մասրի անունով, համարվում էր ալ Քայիդայի հիմնադիրներից և Օսամա Բին Լադենի անմիջական զինակիցը: Յազիդն ալ Քայիդայի գործողություններն էր ղեկավարում Աֆղանստանում և Պակիստանում: