Մատչելի հղումներ

Ուկրաինայում միլիարդատերը կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել


Ռինատ Ախմետով (արխիվային լուսանկար)
Ռինատ Ախմետով (արխիվային լուսանկար)

Ռինատ Ախմետովը կոչ է արել ամեն օր միացնել գործարանների ազդանշաններն այնքան ժամանակ, մինչև երկրում խաղաղություն չհաստատվի

Ուկրաինայի ամենահարուստ մարդը, միլիարդատեր Ռինատ Ախմետովը, որին պատկանում են բազմաթիվ գործարաններ Ուկրաինայի արևելքում, հորդորել է իր ձեռնարկությունների աշխատողներին մասնակցել Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները խաթարել նախատեսող ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված բողոքի խաղաղ ցույցերի:

Ուկրաինայի արդյունաբերական արևելքի հիմնական քաղաքների ռազմավարական նշանակություն ունեցող կետերը գրաված ռուսաստանամետ անջատողականների հասցեին մինչ օրս հրապարակված ամենակտրուկ հայտարարության մեջ գործարարը հորդորել է մարդկանց միավորվել «Հանուն առանց դիմակների Դոնբասի» և «Հանուն առանց զենքի Դոնբասի» կարգախոսների ներքո:

Որոշ գնահատականների համաձայն, ածխահանության և մետաղագործության ոլորտներում գործող միլիարդատեր Ախմետովին պատկանող ձեռնարկություններում աշխատում է մոտ 300 հազար մարդ:

Միլիարդատերը հորդորել է ուկրաինացիներին երեքշաբթի օրից սկսած իր ձեռնարկություններում կազմակերպել «բողոքի նախազգուշացնող խաղաղ ակցիաներ», որոնց ընթացքում կեսօրին ամբողջ տարածաշրջանում պետք է հնչեն գործարանների ազդանշանները:

Ախմետովի համաձայն, բողոքի այս գործողությունները պետք է անցկացվեն ամեն օր այնքան ժամանակ, մինչև երկրում խաղաղություն չհաստատվի:

Ուկրաինայում ռուսաստանամետ անջատողականների հասցեին, որոնց միլիարդատեր Ռինատ Ախմետովը մեղադրել է «Դոնբասում ցեղասպանության իրականացման մեջ», հնչեցված կտրուկ հայտարարությունները վկայում են այն մասին, որ գործարարը նախատեսում է սատարել Կիևի կառավարությանը:

Ամերիկյան «Forbes» պարբերականի գնահատականների համաձայն, Ախմետովի կարողությունը կազմում է մոտ 11,4 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG