Մատչելի հղումներ

Ահմադինեջադը «համոզված է, որ խնդիրները հնարավոր է լուծել երկխոսության միջոցով»


Իրանի նախագահն ասել է, թե դեռևս կա ժամանակ՝ երկխոսության միջոցով կարգավորելու Միացյալ Նահանգների հետ ունեցած տարաձայնությունները:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկուշաբթի օրը հերքել է Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին սպառնալիքները՝ վստահեցնելով, որ իր երկրում ուրանի հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ունեն միմիայն խաղաղ նպատակներ:

Նախագահ Ահմադինեջադը, բացի այդ, կասկածի տակ է դրել Իրանի միջուկային հզորությունները խարխլելու Իսրայելի ունակությունը:

Հանդես գալով Նյու Յորքում մի խումբ հրատարակությունների խմբագրերի առջև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա համաժողովի կապակցությամբ կատարվող իր այցի առաջին օրվա ընթացքում, Իրանի նախագահն ասել է, թե դեռևս կա ժամանակ՝ երկխոսության միջոցով կարգավորելու Միացյալ Նահանգների հետ ունեցած տարաձայնությունները:

Ահմադինեջադը հավելել է նաև, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում Իրանը չեզոք դիրք է զբաղեցնում՝ հերքելով նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին սպառազինություն և ռազմական վերապատրաստություն տրամադրելու մասին լուրերը:

«Մենք սիրով ենք վերաբերվում երկու կողմերին, որոնց եղբայր ենք համարում», - ասել է նա՝ որպես «տոհմային» որակելով Սիրիայում տեղի ունեցող հակամարտությունը: Իրանի նախագահը, բացի այդ, նշել է, որ «իրավիճակը բարդանում է՝ օտարերկրյա պետությունների կողմից իրականացվող միջամտության պատճառով»:

«Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականը, վկայակոչելով «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը, հայտնել է, որ նախագահ Ահմադինեջադն այնուամենայնիվ հրաժարվել է պատասխանելուց այն հարցին, թե արդյոք Իրանը կընդունի Սիրիայի մի այնպիսի կառավարություն, որի գլխին կանգնած չլինի նախագահ Ասադի վարչակարգը, որը բազում տարիների ընթացքում եղել է Մերձավոր Արևելքում Իրանի ամենամոտ դաշնակիցը:

Անդրադառնալով Իսրայելի կողմից հնչեցվող սպառնալիքներին, Ահմադինեջադն ասաց. «Ընդհանուր առմամբ, լուրջ չենք ընդունում սիոնիստներին: Կարծում ենք՝ սիոնիստները հայտնվել են փակուղու մեջ և արկածախնդրության միջոցով փորձում են ելք գտնել այս փակուղուց: Չնայած մենք ամբողջությամբ պատրաստ ենք ինքնապաշտպանության, սակայն լուրջ չենք ընդունում նրանց սպառնալիքները»:

Իրանի նախագահը փորձել է նաև որպես օրինական և պատմական ուժ չունեցող ներկայացնել Մերձավոր Արևելքի հետ Իսրայելի ունեցած պատմական կապերը, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում այս երկրի ունեցած ռազմական և քաղաքական ազդեցությունը՝ ասելով, որ «Իրանն Իսրայելին նույնիսկ չի ընդգրկում հավասարության մեջ»:

Ահմադինեջադը նաև շեշտել է, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված բանավեճը քաղաքական, այլ ոչ թե իրավական խնդիր է, որը պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Այս կապակցությամբ նա հավելել է. «Չենք սպասում, որ Ամերիկայի և Իրանի միջև արդեն 33 տարի գոյություն ունեցող խնդիրը կլուծվի շատ արագ, սակայն համոզված ենք, որ խնդիրները հնարավոր է կարգավորել երկխոսության միջոցով»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քերնին, մեկնաբանելով Ահմադինեջադի կողմից արված հայտարարությունները, հասել է, որ «նախագահ Ահմադինեջադը բավականին կանոնավոր կերպով արտահայտում է անհեթեթ, վիրավորական և երբեմն բացահայտ անհասկանալի մտքեր»:

«Փոխարենը նա պետք է կենտրոնանա Իրանի կառավարության կողմից միջազգային պարտավորությունների կատարմանը չհետևելուն և կատարի Միավորված ազգերի կազմակերպության բանաձևերը», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը:
XS
SM
MD
LG