Մատչելի հղումներ

Աֆրիկայում անցկացվում է մալարիայի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում


Աֆրիկայում անցկացվում է մալարիայի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում
Աֆրիկայում անցկացվում է մալարիայի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում

Ամեն տարի աշխարհում երկու միլիոնից ավել մարդ է մահանում մալարիայից՝ մեկ երեխա ամեն 45 վայրկյանում, և դեպքերի 90 տոկոսը Անդրսահարյան Աֆրիկայում են գրանցվում:

Աֆրիկայում օրգանիկ սննդամթերք արտադրող ֆերմերները բողոքում են, որ մալարիա կրող մոծակներին ոչնչացնող միջատասպան միջոցները փչացնում են բերքը և վնաս հասցնում իրացմանը: Ուգանդայից Սեմ Դիք Քեյլի խոսքերով՝ այդ միջոցներն այլևս արդյունավետ չեն:

«Մոծակների մոտ արդեն դիմադրողականություն է զարգացել ԴԴԹ-ի նկատմամբ», - ասում է Քեյլին:

Այն տարածքներում, որտեղ տարածված է մալարիան, օգտագործվում են նաև միջատասպան միջոցներով թաթախված ցանցեր: Դա օգնել է կրկնակի կրճատել դեպքերի քանակը, սակայն տարեկան գրեթե 800 հազար աֆրիկացի, հիմնականում՝ հինգ տարեկանից ցածր երեխաներ, դեռ մահանում են մալարիայից:

Բժիշկ Քրիստիան Լուքը բացատրում է պատվաստանյութի մշակման խնդիրը: Նա «Մալարիայի պատվաստանյութի նախաձեռնություն» կազմակերպության «PATH» կենտրոնի տնօրենն է: Կենտրոնը փորձարկումներ է կատարում Անդրսահարյան Աֆրիկայում:

«Դժվար է մալարիայի պատվաստանյութ մշակել, քանի որ գործ ունենք բարդ օրգանիզմի հետ, բազմաթիվ բաղադրիչներ ունեցող մակաբույծի, որը ճկուն է և կարող է փոփոխվել: Բավական դժվար է ձեռք բերել իմունիտետ այդ մակաբույծի դեմ», - ասում է բժիշկ Լուքը:

Բժիշկ Լուքը հուսով է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչև 2015թ. կհաստատի նոր պատվաստանյութը, որը, բժշկի համաձայն, կկրճատի երեխաների մոտ մալարիայի դեպքերի թիվը, ինչը նվազեցնելու է մալարիայից երեխաների մահվան հավանականությունը:

«Մալարիայի պատվաստանյութի նախաձեռնություն» կազմակերպությունը փորձում է մշակել երկրորդ սերնդի պատվաստանյութ, որը կխոչընդոտի մոծակների կողմից մալարիայի մակաբույծի տարածումը:

«Երբ մոծակը խմի արյունը, արյան հետ դրան կփոխանցվի նաև հակամարմին, որը կդադարեցնի մալարիայի մանրէների բազմացումը: Ուստի մոծակները չեն կարողանա մալարիա փոխանցել այլ երեխայի, և դա կլինի մալարիայի տարածումը կանգնեցնելու հրաշալի մի միջոց», - նշում է բժիշկը:

Ըստ բժիշկ Լուքի՝ «RTSS» կոչվող նոր պատվաստանյութը մեծ քայլ է մալարիայից ազատվելու ուղղությամբ: Սակայն այդ ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունները շարունակելու համար հավելյալ ներդրումներ են պահանջվում:

XS
SM
MD
LG