Թալիբների բարձրաստիճան առաջնորդները դիմել են Աֆղանստանի կառավարությանը` հաշտեցման ուղիներ որոնելու նպատակով:
Այդ մասին հայտնել է Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատար, ԱՄՆ-ի գեներալ Դեյվիդ Փեթրեուսը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, որ թալիբների հետ բանակցություններ կանցկացվեն այն դեպքում, եթե զինյալները հրաժարվեն բռնություններ իրագործելուց և համաձայնվեն հարգել երկրի սահմանադրությունը:
Փեթրեուսի համաձայն, ԱՄՆ-ի զինված ուժերը սատարում են Քարզայի նախապայմանները: Այս հարցում Քարզայի մոտեցումը նա համեմատել է Իրաքում սուննի զինյալների դեմ պայքարի հետ:
Աֆղանստանի նախագահը երեքշաբթի օրը ներկայացրել է 70 ներկայացուցիչ ունեցող Խաղաղության բարձրագույն խորհուրդը, որում ներառված են նախկին դաշտային հրամանատարներ, նախկին նախագահներ, թալիբների նախկին պաշտոնյաներ, քաղաքացիական և կրոնական առաջնորդներ, ինչպես նաև կանայք: