Աֆղանստանում թալիբների առաջնորդ մոլա Օմարը հերքել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն, իր կազմակերպությունը խաղաղության բանակցություններ է անցկացնում Աֆղանստանի կառավարության հետ։
Լրատվական գործակալություններին երկուշաբթի օրը էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարությունում Օմարը նշում է, որ խաղաղության բանակցություններ անցկացնելու մասին հաղորդագրությունները «անհիմն քարոզչություն» են, որոնց նպատակն է՝ քողարկել, իր խոսքերով, ԱՄՆ–ի գլխավորած ՆԱՏՕ–ի ուժերի ձախողված գործողությունները Աֆղանստանում։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստացել էր հաշտեցման ուղիներ որոնել թալիբների գլխավորած զինյալների հետ՝ կառավարության կողմից ստեղծված խաղաղության խորհրդի միջոցով։ Հասկանալի չէ, սակայն, անցկացվել է որևէ բանակցություն, թե ոչ։
Թալիբների առաջնորդը խոստացել է նաև ակտիվացնել ռազմական գործողությունները ողջ Աֆղանստանում՝ «թշնամու ուժերը կործանելու նպատակով»։ Բացի այդ, Օմարը քննադատել է Քարզայի կառավարությանը՝ այն անվանելով Արևմուտքի կողմից ղեկավարվող կոռումպացված «խամաճիկային կառավարություն»։