Մատչելի հղումներ

Աֆղանստանը դադարեցրել է բանակցություններն ԱՄՆ-ի հետ


Օբամա. «Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ակնկալում էին որոշ տարաձայնություններ գործընթացի սկզբում»

Աֆղանստանի իշխանությունները դադարեցրել են անվտանգության ոլորտում երկկողմանի գործարքի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: Բանակցությունների դադարեցման պատճառն է դարձել թալիբների հետ Միացյալ Նահանգների կողմից բանակցություններ անցկացնելու առաջարկը:

Աֆղանստանի անվտանգության ազգային խորհրդի չորեքշաբթի օրն արված հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանում անվտանգության գործարքի շուրջ իրականացված գործողությունները չեն համապատասխանում ԱՄՆ-ի կողմից արված հայտարարություններին:

Աֆղանստանի իշխանությունների հետ ԱՄՆ-ի կողմից անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկվում է այն հարցը, թե Միացյալ Նահանգների և դաշնակիցների ուժերի որ մասը կմնա երկրում 2014 թվականին զորքերի դուրսբերումից հետո:

Այս երկրի իշխանությունների դժգոհության առարկան է դարձել թալիբների հետ Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ մեկնարկելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը: Բանակցությունները նպատակ են հետապնդում ստեղծելու հիմքեր՝ Աֆղանստանում մեկ տասնամյակից ավելի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Աֆղանստանի իշխանությունների արձագանքն իր մոտ զարմանք չի առաջացնում, քանի որ, ըստ նախագահի, Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ակնկալում էին որոշ տարաձայնություններ գործընթացի սկզբում:

Հանդես գալով չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ անցկացվող համատեղ հարցազրույցի ընթացքում՝ նախագահ Օբաման հույս է հայտնել, որ, չնայած դժվարությունների, Աֆղանստանում մերձեցման գործընթացը կշարունակվի:
XS
SM
MD
LG