Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի ցանկանում աշխատել Քարզայի բարեկամներին պատկանող ընկերության հետ


ԱՄՆ-ը չի ցանկանում աշխատել Քարզայի բարեկամներին պատկանող ընկերության հետ

Միացյալ Նահանգները դադարեցնում է աշխատանքն անվտանգություն ապահովող այն ընկերության հետ, որը պատկանում է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի բարեկամներին:

Այդ քայլով ԱՄՆ-ը փորձում է դադարեցնել Աֆղանստանում կոռուպցիան և թալիբներին սնուցող գումարների հոսքը:

Միացյալ Նահանգների զինված ուժերը տեղեկացրել է Քարզայի երկու զարմիկներին պատկանող «Watan Group» ընկերությանն այն մասին, որ ապագայում ընկերության հետ չի ստորագրվի անվտանգության ապահովության ոլորտում ծառայություններ մատուցելու որևէ պայմանագիր:

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից այս տարվա հունիս ամսվա հաշվետվությունում նշվում է, որ Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի պաշարները տեղափոխելու համար երթուղի ստեղծելու նպատակով «Watan Group» ընկերությունը կաշառել է ինչպես Աֆղանստանի պաշտոնյաներին, այնպես էլ թալիբների հրամանատարներին:

Հաշվետվության համաձայն, ընկերության կառավարումն իրականացնում է «Հրամանատար Ռուհուլլա» անունով հայտնի մի անձ, որի ենթակայության տակ է գտնվում 600 հոգուց կազմված զինված պահակախումբ և որը խոստովանել է կառավարության պաշտոնյաներին կաշառելու փաստը:

ՆԱՏՕ-ի պաշարների տեղափոխման երթուղու մոտակայքում ապրող գյուղացիները «Հրամանատար Ռուհուլլա»-ին «դահիճ» են անվանում:

«Watan Group» ընկերության ղեկավարությունն իրականացնող տնօրեն Սայմոն Հիլարդը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ընկերությունը որևէ կանոն չի խախտել և լուրջ է վերաբերվում զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողություններին:

XS
SM
MD
LG