Մատչելի հղումներ

Աֆղանստանի թալիբները հերքում են առաջնորդի մահվան մասին լուրերը


Աֆղանստանի թալիբները հերքում են առաջնորդի մահվան մասին լուրերը

Աֆղանստանի թալիբները հերքել են իրենց առաջնորդ Մուլլահ Օմարի մահվան մասին լուրերը՝ ասելով, որ իր մահվան մասին տարածված տեքստային հաղորդագրությունները կեղծիք են։

Թալիբների խոսնակը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի տեքստային հաղորդագրությունն ուղարկվել է զինյալների այս խմբավորման հեռախոսների և կայքի հաքերների հարձակման ենթարկվելուց հետո, որի ։ կազմակերպման մեջ թալիբները մեղադրել են Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունները։

Մուլլահ Օմարի մահվան մասին հաղորդագրություն տարածվել էր նաև այս տարվա մարտ ամսին, երբ Աֆղանստանի լրատվական գործակալություներից մեկը հայտնել էր Պակիստանի լրտեսական գործակալության կողմից Օմարին ոչնչացնելու մասին։

Աֆղանստանի թալիբների առաջնորդի գլխի համար նշանակված է 10 միլիոն դոլարի պարգև։ Մուլլահ Օմարը 1990-ականերին եղել է Աֆղանստանի այն ղեկավարը, որի կառավարման օրոք երկրում տիրում էին մահմեդական խիստ օրենքները։

Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն, երկրի հարավային Կանդահար քաղաքում չորեքշաբթի օրը զինյալների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել է ոստիկանության երեք ծառայող, որոնց թվում եղել է շրջանի ոստիկանապետը։ Հրաձգության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ։

Երկրի հյուսիսային Մազար-ի-Շարիֆ քաղաքում հեծանվի վրա տեղադրված ռումբի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն չորս, վնասվածքներ ստացել՝ տասը քաղաքացիական անձ։

Հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստվում են հանձնել այս քաղաքում անվտանգության ապահովման պատասխանատվությունն Աֆղանստանի ուժերին։

ՆԱՏՕ-ն կիրակի օրը մեկնարկել է երկում անվտանգության ապահովման պատասխանատվությունն աստիճանաբար փոխանցելու գործընթացը՝ փոխանցելով երկրի կենտրոնական Բամիան նահանգում անվտանգության ապահովման պատասխանատվությունն Աֆղանստանի անվտանգության ուժերին։

Բամիան նահանգն առաջինն է յոթ այն տարածքներից, որտեղ փոխանցման սկզբնական փուլում երկրի անվտանգության ուժերն են ապահովելու անվտանգությունը։

ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանի զինուժին և ոստիկանությանը երկրում անվտանգության ապահովման համար պատասխանատվության փոխանցման գործընթացը, որը նախատեսվում է ավարտի հասցնել 2014 թվականին, իրականացվելու է աստիճանաբար։ Այս գործընթացի արդյունքում երկրում տեղակայված օտարերկրյա զինծառայողների հիմնական մասը հնարավոր կլինի վերադարձնել իրենց երկրներ։

Անցյալ ամիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել գալիք 14 ամիսվա ընթացքում Աֆղանստանում տեղակայված Միացյալ Նահանգների 100 հազար զինծառայողներից 33 հազարին երկրից դուրս բերելու մասին հայտարարությամբ։

Գերմանիայի իշխանությունները, հանդես գալով նման հայտարարությամբ, հայտնել են Աֆղանստանում տեղակայված հինգ հազար զինծառայողի թիվը մինչև այս տարվա վերջը նվազեցնելու համար։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել էր, որ իր երկրի զինծառայողները Միացյալ Նահանգների զորքերի նույն համամասնությամբ և ժամանակացույցով են հանվելու Աֆղանստանից, որտեղ տեղակայված է Ֆրանսիայի չորս հազար զինծառայող։

Մեծ Բրիտանիան մինչև 2012 թվականն Աֆղանստանից դուրս է բերելու 500 զինծառայող՝ նվազեցնելով երկրում իր զինծառայողների ներկայությունը մինչև ինը հազար մարդ։

XS
SM
MD
LG