Մատչելի հղումներ

Զոհեր Աֆղանստանում՝ ինքնասպան ահաբեկիչների հարձակման պատճառով


Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի կողմից կառավարական մարմինների շենքերի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն յոթ, վնասվածքներ ստացել՝ 12 մարդ:

Երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնյաների համաձայն, Ֆարահ արևմտյան նահանգում հարձակումն իրականացրել են նահանգային կառավարության շենքերը գրոհած չորս ահաբեկիչ, որոնք գործարկել են պայթուցիկ սարքերն ու հրաձգություն սկսել ոստիկանության հետ, ինչի պատճառով զոհվել է ոստիկանության վեց ծառայող և քաղաքացիական մեկ անձ:

Հարձակման համար պատասխանատվություն ոչ ոք դեռ չի ստանձնել, սակայն հարձակումն իրականացվել է թալիբների կողմից այս ամսվա սկզբին գարնանային գրոհի մասին արված հայտարարությունից հետո:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Աֆղանստանում ահաբեկչական հարձակման զոհ է գնացել երկրի խաղաղության խորհրդի ավագ մի անդամ։

Զինյալ անձնավորությունը Արսալա Ռահմանիի ուղղությամբ կրակ էր արձակել մի ավտոմեքենայի միջից, երբ վերջինս մայրաքաղաք Քաբուլում տուն էր վերադառնում աշխատանքից։

Ռահմանին ժամանակին եղել է «Թալիբան» շարժման պաշտոնյա, որը համաձայնվել էր ընդգրկվել նախագահ Համիդ Քարզայի հիմնած Աֆղանստանի խաղաղության խորհրդում` նպատակ ունենալով բանակցությունների միջոցով վերջ դնել երկրում արդեն տասը տարի շարունակվող պատերազմին։ Աֆղանստանում թալիբների կառավարման ընթացքում նա եղել է բարձրագույն կրթության փոխնախարարը։

Թալիբները հերքել են հարձակումն իրականացնելու մեղադրանքները։

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հորդորել էր թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:

Հանդես գալով երկրի մայրաքաղաք Քաբուլում ապրիլ ամսին ուսանողների հետ անցկացված հանդիպման ժամանակ՝ նախագահ Քարզայն ընդգծել էր, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա:

«Դուք ոչինչ չեք արել իսլամի համար, չեք աշխատել Աֆղանստանի անկախության և ժողովրդի, երկրի ազատության և զարգացման համար: Դուք նպաստել եք օտարերկրյա զինված ուժերի ներկայության երկարաձգման», - անցյալ ամիս հանդես գալով ուսանողների առջև նշել էր Աֆղանստանի նախագահը:

XS
SM
MD
LG