Մատչելի հղումներ

Զոհեր Աֆղանստանի հյուսիսում՝ ռումբի պայթյունի պատճառով


Զոհեր Աֆղանստանի հյուսիսում՝ ռումբի պայթյունի պատճառով

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն տասը մարդ:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ռումբը գործարկվել է Բաղդիշ նահանգում, ոստիկանության մեքենաներից մեկի ճանապարհով անցնելու ժամանակ: Պայթյունի զոհ է գնացել ոստիկանության երկու ծառայող, ինչպես նաև քաղաքացիական ութ անձ, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

Ներքին գործերի խոսնակը, «հակամահմեդական» անվանելով մահմեդական ամենակարևոր տոներից մեկի՝ «Էյդ ել-Ադհա»-ի ժամանակ իրականացված այս հարձակումը, որի զոհ ե գնացել կանայք և երեխաներ, այն իրականացնելու համար պատասխանատվությունը դրել է թալիբների վրա:

Ահաբեկչական այս հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ Աֆղանստանում գործող թալիբների առաջնորդը հորդորել է թալիբների մարտիկներին զերծ մնալ քաղաքացիական անձանց սպանություններից:

Թալիբների կողմից օգտագործվող կայքում ուրբաթ օրը հրապարակվել էր ենթադրաբար թալիբների առաջնորդ մոլլա Օմարի մի ուղերձ, որտեղ զինյալներին կոչ է արվել «դիմել անհրաժեշտ բոլոր գործողությունների՝ քաղաքացիական անձանց կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»: Ուղերձում նշվել է, որ քաղաքացիական անձանց մահվան համար պատասխանատու ճանաչված զինյալները կենթարկվեն մահմեդական օրենքով սահմանված պատժի:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոն Ալենը դատապարտել է երկրում տեղի ունեցած հարձակումը՝ «ստոր» անվանելով մահմեդական տոնի ընթացքում զինյալների կողմից հարձակում իրականացնելու փաստը:

Ալենի համաձայն, հարձակումն իրականացրած զինյալները «տեղյակ չէին կամ պարզապես անտեսել են» մոլլա Օմարի ուղերձը:

XS
SM
MD
LG