Մատչելի հղումներ

Զինյալների հրթիռները վնասել են ԱՄՆ-ի գեներալի ինքնաթիռը


ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսիի այցն Աֆղանստան, 20 օգոստոսի 2012թ.
ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսիի այցն Աֆղանստան, 20 օգոստոսի 2012թ.

Հրթիռային հարձակման պատճառով թեթև վնասվածքներ է ստացել օդանավակայանի տեխնիկական անձնակազմի երկու ծառայող

«Աֆղանստանում զինյալները երեքշաբթի առավոտյան հրթիռներ են արձակել ԱՄՆ-ի ռազմական հենակետի ուղղությամբ, որոնք վնասել են ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավարի օդանավը»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԱՏՕ-ն՝ հայտնելով նաև, որ ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հարձակման ժամանակ օդանավի մեջ չի եղել, իսկ ավելի ուշ մեկնել է մեկ այլ օդանավի միջոցով:

Հրթիռային հարձակման պատճառով թեթև վնասվածքներ է ստացել օդանավակայանի տեխնիկական անձնակազմի երկու ծառայող:

ՆԱՏՕ-ի խոսնակի համաձայն, հարձակումը որևէ վտանգ չի ներկայացրել գեներալ Դեմփսիի կամ իր անձնակազմի համար, որոնք «շատ հեռու էին գտնվում օդանավակայանից այն ժամանակ, երբ երկու հրթիռ ընկել էր օդանավի մոտակայքում»:

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին և ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյսմ Մաթիսն Աֆղանստան էին ժամանել երկուշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի պաշտոնյաների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Միացյալ Նահանգների զինուժի բարձրաստիճան երկու ղեկավարները հանդիպում են ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենի հետ, որի ընթացքում քննարկվել են զինյալների դեմ պայքարում գրանցված առաջընթացը պահպանելու և Աֆղանստանի զինված ուժերի ունակությունների բարձրացման հնարավորությունները:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավելի հաճախ դարձած «ներքին» հարձակումներին, քանի որ Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից վերջերս սպանվել է միջազգային ստորաբաժանումների տասը զինծառայող, իսկ այս տարի «ներքին» հարձակումների զոհ է գնացել միջազգային ստորաբաժանումների ընդհանուր թվով 39 զինծառայող:

«Ներքին» հարձակումների խնդրին երկուշաբթի օրը անդրադարձ է կատարել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ մտահոգություն հայտնելով այսպես կոչված «կապույտները կանաչների դեմ» հարձակումների կապակցությամբ:
XS
SM
MD
LG