Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահը հետաձգել է օտարերկրյա այցը՝ խռովությունների պատճառով


Համիդ Քարզայը հետաձգել է Նորվեգիա կատարվելիք այցը հակամահմեդական կինոնկարի հետևանքով բռնկված խռովությունների պատճառով

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հետաձգել է Նորվեգիա կատարվելիք իր այցն այն բանից հետո, երբ Լիբիայում և Եգիպտոսում բռնկվել են հակամահմեդական կինոնկարով հրահրված խռովությունները:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության համաձայն, Աֆղանստանի արտգործնախարարությունը հայտնել է Քարզայի ուրբաթ օրը ծրագրված այցի հետաձգման մասին:

Սկանդինավյան այս երկրի արտաքին գերատեսչությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ նախագահ Քարզային անհրաժեշտ է մնալ Աֆղանստանում՝ «արաբական պետություններում վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի լույսի ներքո»:

Քարզայի խոսնակը «Ամերիկայի Ձայն»-ին հաստատել է Աֆղանստանի նախագահի այցի հետաձգումը, սակայն որևէ մանրամասն չի ներկայացվել:

Աֆղանստանի նախագահը չորեքշաբթի օրը քննարկել է Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակումը և դրա հետևանքները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Հիշեցնենք, որ Լիբիայի Բենգազի քաղաքում սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների հյուպատոսության վրա զինված ամբոխի կողմից կատարված հարձակման պատճառով զոհվել է այս երկրում Միացյալ Նահանգների դեսպանն ու դեսպանության երեք աշխատող:

Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը եղել է տարածաշրջանում աշխատող Միացյալ Նահանգների ամենափորձառու դիվանագետներից, որը Լիբիայում դեսպանի պաշտոնը ստանձնել էր այս տարվա մայիս մասին:
XS
SM
MD
LG