Ստորև ներկայացվում է Ադամ Շիֆի ուղերձը՝ ամբողջությամբ.
«Սիրելի հայ բարեկամներ, այստեղ և աշխարհի բոլոր կողմերում: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը, ձեզ եմ ուղղում իմ խոսքը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից՝ ձեր պապերի լեզվով: Այն լեզվով, որով նրանք արտահայտում էին իրենց հույսերը, երազանքները, կյանքն ու սերը 1915-ին նախորդող տարիներին:
Օսմանյան կայսրության տարածքում տասնյակ հազարավոր մարդիկ պարզապես ջարդի ենթարկվեցին:
Ձեզ հետ եմ խոսում այն երեխաների լեզվով, որոնք եղան իրենց հայրերի սպանության ականատեսը: Հազարավոր կանայք ենթարկվեցին բռնաբարության: Ձեզ հետ եմ խոսում այն աղջիկների լեզվով, որոնք խիղճ ցուցաբերելու մասին էին աղերսում թուրք ոստիկաններին:
Ամբողջ ընտանիքներ դուրս էին հանվել աքսորի ճանապարհ սաստիկ շոգին, որովհետև Օսմանյան կառավարությունը ցանկանում էր բնաջնջել նրանց:
Ձեզ հետ եմ խոսում այն երեխաների լեզվով, որոնք աղերսում էին մի կաթիլ ջուր տալ նրանց:
1923-ին, երբ ամեն ինչ ավարտված էր, սպանվել էր ավելի քան 1,5 միլիոն հայ տղամարդ, կին և երեխա: Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:
Ձեր հետ եմ խոսում այն մայրերի լեզվով, որոնք մահացան՝ իրենց նորածին երեխաները գրկում:
Մի ամբողջ ժողովուրդ ցրվեց աշխարհով մեկ՝ Ամերիկա, Մերձավոր Արևելք, Եվրոպա և այլ երկրներ:
Ձեր հետ եմ խոսում այն վերապրածների լեզվով, ովքեր եկան Ամերիկա՝ ազատությունը վայելելու և նոր կյանք սկսելու համար:
Արդեն գրեթե մեկ դար Թուրքիան հերքում է Ցեղասպանությունը: Չնայած ակնհայտ փաստերին, որոնց մի մասը հավաքվել էր ամերիկացի դիվանագետների և լրագրողների կողմից, Անկարան հերքում է Ցեղասպանությունը: Թուրքիան ցանկանում է, որ աշխարհը մոռանա այս ամենի մասին:
Ձեզ հետ խոսում եմ նրանց լեզվով, ովքեր այլևս չկան: Նրանք մեզ խնդրում են հիշել իրենց:
Նրանց ձայները դեռևս լսվում են:
Ես այս նահատակների ժառանգը չեմ, սակայն ձեզ հետ եմ խոսում նրանց գեղեցիկ լեզվով, որովհետև այսօր բոլորս հայ ենք: Եվ ոչ միայն այսօր: Որովհետև այն ժամանակ, երբ հանդես ենք գալիս զանգվածային ջարդերին ընդդեմ, երբ չենք ցանկանում լռել, այն ժամանակ բոլորս էլ հայ ենք:
Տարիներ շարունակե ես ձեզ հետ միասին լսել եմ բոլոր նրանց մասին վկայությունները, ովքեր զոհ են գնացել ցեղասպանության, և ովքեր վերապրեցին:
Ձեզ հետ եմ խոսում նրանց մայրենի լեզվով, որպեսզի ձեզ շնորհակալություն հայտնեմ ձեր պատմությունն իմ հետ կիսելու համար: Ձեզ հետ խոսում եմ այն վայրում՝ Ներկայացուցիչների պալատի ամբիոնից, որովհետև ամերիկացիները միշտ խիզախություն են ունեցել նայելու անմիջապես սարսափի աչքերի մեջ ու այն անվանել իր անունով: Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Ամերիկայի առաջնորդները կանեն նույնը:
Քանի որ վստահ եմ, որ այդ օրը պիտի գա: Հուսով եմ, որ դա արագ կկատարվի, որպեսզի վերապրածները լսեն դրա ցնցող ձայնը:
Աստված մեր ձայնը լսի:
Շնորհակալություն, պարոն խոսնակ»: