Մատչելի հղումներ

Հակամահմեդական ֆիլմի դերասանուհին դատի է տվել պրոդյուսերին ու «YouTube»-ին


Համացանցում ֆիլմի կարճ տարբերակը տեղադրելուց հետո դերասանուհին մահվան սպառնալիքներ է ստացել

Միացյալ Նահանգներում նկարահանված՝ անվայել բովանդակություն ունեցող հակամահմեդական ֆիլմի դերասանուհին դատի է տվել պրոդյուսերին՝ մեղադրելով վերջինիս խաբեության և զրպարտության մեջ:

Լոս Անջելեսում դատարան դիմած Սինդի Լի Գարսիան ասել է, թե «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Նաքուլա Բասելի Նաքուլան հավաստիացրել է իրեն, թե նկարահանում է հին Եգիպտոսի կյանքի մասին մի կինոնկար, սակայն ֆիլմում հնչող երկխոսությունները հետագայում փոխարինել է մարգարե Մուհամմեդին ստորացնող երկխոսություններով:

Գարսիայի համաձայն, համացանցում ֆիլմի կարճ տարբերակը տեղադրելուց հետո ինքը մահվան սպառնալիքներ է ստացել, որոնց պատճառով չի կարող հանդիպել իր ընտանիքի հետ:

Դերասանուհին դատի է տվել նաև «YouTube»-ին՝ պահանջելով, որպեսզի վերջինս ջնջի տեսանյութն իր էջերից՝ պնդելով, որ ֆիլմի տեղադրումը համացանցում խախտել է անձնական գաղտնիության իր իրավունքը: Սպասվում է, որ ֆիլմի դեմ դատական հրաման կարձակվի հինգշաբթի օրը:

Ֆիլմի պրոդյուսեր Նաքուլա Բասելի Նաքուլան անցյալ շաբաթ հարցաքննվել է ԱՄՆ-ի դաշնային մարմինների կողմից՝ որոշելու համար, արդյոք ինքը խախտել է պայմանական ազատման պայմանները: Հիշեցնենք, որ Նաքուլան 2010 թվականին դատապարտվել է բանտարկության՝ բանկային մեքենայություններ իրականացնելու համար, և առանց պայմանական ազատման կատարումը վերահսկող պաշտոնյայի թույլտվության իրավունք չունի մուտք գործել համացանց:
XS
SM
MD
LG