Մատչելի հղումներ

Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը


Ակտիվիստների համաձայն, 100 հազար զոհվածից 18 հազարը կազմում են ապստամբների, իսկ 40 հազարը՝ նախագահ Ասադի կողմնակից մարտիկները

Սիրիայի ակտիվիստների համաձայն, 2011 թվականի մարտ ամսից նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից երկրում չդադարող բռնությունների զոհ արդեն գնացել է ավելի քան 100 հազար մարդ:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը չորեքշաբթի օրը հրապարակել է Սիրիայում զոհերի իր հաշվարկը: Կազմակերպության համաձայն, 100 հազար զոհվածներից 18 հազարը կազմում են ապստամբների, իսկ 40 հազարը՝ նախագահ Ասադի կողմնակից մարտիկները:

Միավորված ազգերի կազմակերպությունն այս ամիս ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում զոհվածների հաստատված թիվը կազմում է 93 հազար, սակայն իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել:

Հորդանանի թագավոր Աբդալլահն այս ընթացքում զգուշացրել է, որ Սիրիայում չդադարող հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային կրոնական հակամարտության: Արաբական երկրներում լույս տեսնող «Աշարա ալ-Ասվաթ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում թագավորն ասել է, որ Սիրիայում հակամարտության լուծման ամենագերադասելի եղանակը մնում է քաղաքական կարգավորումը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին նախօրեին հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի իր գործընկեր, արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալի հետ, որն ասել է, թե աշխարհը չպետք է թույլ տա, որպեսզի Իրանը և զինյալների «Հեզբոլլահ» կազմակերպությունը աջակցություն ցուցաբերեն Ասադի կառավարությանը: Արքայազնը հանդես է եկել Սիրիային զենքի մատակարարման միջազգային արգելք սահմանելու կոչով՝ քննադատության ենթարկելով Ռուսաստանին Ասադի վարչակարգը սատարելու համար:
XS
SM
MD
LG