Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները դատի են տվել ԱՄՆ-ի կառավարությանը


Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության համաձայն, հեռախոսազանգերի և Ինտերնետի օգտատերերի մասին տեղեկությունների հավաքագրումը հակասահմանադրական է

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Միացյալ Նահանգների պետական մի շարք գործակալությունների ղեկավարների՝ ԱՄՆ-ի ԱԱԾ-ի կողմից հեռախոսազանգերի մասին տեղեկությունների լայնամասշտաբ հավաքագրման կապակցությամբ:

Նյու Յորքի շրջանային դատարան ներկայացված հայցադիմումի մեջ նշված է, որ հեռախոսազանգերի մասին տեղեկությունների հսկա ծավալի հավաքագրումը խախտում է ԱՄՆ-ի սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության և անհատական կյանքի իրավունքները:

Դատական հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից բացահայտվել են տեղեկություններ Միացյալ Նահանգներում գործող «Verizon» հեռախոսային կապի օպերատորին ներկայացված դատարանի կարգադրության մասին, որի համաձայն «Verizon»-ը պետք է իշխանություններին ներկայացներ երեք ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների տարածքում և երկրից դուրս կատարված հեռախոսազանգերի վերաբերյալ գրառումները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների կողմից էլեկտրոնային հաղորդագրությունների, «չաթ» ծրագրերի և այլ տեսակի տվյալների հավաքագրման մասին:

Հայցի հեղինակները վկայակոչում են այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կառավարությունը խոստովանել է, որ նման ծրագիր գործում է, և այն գործում է արդեն մի քանի տարի:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը, լինելով «Verizon» հեռախոսային օպերատորի բաժանորդ, հայտարարություն է արել հայցում որպես մեղադրող հանդես գալու մասին՝ շեշտելով, որ հեռախոսազանգերի հավաքագրման պետական ծրագիրը «կարող է շոկային դառնալ չարաշահումների մասին տեղեկացնող անձանց համար, ինչպես նաև այլոց համար, ովքեր ցանկություն են արտահայտել դիմելու մեղադրողին՝ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով»:

Որպես պատասխանող հայցում նշված են հետախուզական ծառայությունների ղեկավարները և իրենք՝ ծառայությունները, ներառյալ ԱՄՆ-ի ԱԱԾ-ը, ՀԴԲ-ը, ԱՄՆ-ի պաշտպանության և արդարադատության նախարարությունները:

Միացյալ Նահանգների կառավարությունն իր հերթին հարուցել է հետաքննություն՝ ուսումնասիրելու համար, թե արդյոք Էդվարդ Սնոուդենի կողմից ԱՄՆ-ի հետախուզական հույժ գաղտնի տեղեկությունների բացահայտումը քրեական բնույթ ունի, ինչպես նաև ազգային անվտանգությանը արտահոսքի հետևանքով հասցված հնարավոր վնասի չափը գնահատելու նպատակով:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններից մեկի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հաղորդել է, որ հետաքննությունները կանցկացվեն միաժամանակ: Սպասվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իրականացվող հետաքննության արդյունքում հնարավոր կլինի որոշել, թե արդյոք արտահոսքերի հետևանքով մատնվել են հետևելու աղբյուրները կամ մեթոդները: Հետաքննության արդյունքում, ըստ էության, ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների միջև կանցկացվի քննարկում՝ նվիրված վերջիններիս մարտավարության մեջ փոփոխությունների իրականացման:
XS
SM
MD
LG