Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը քվեարկելու է պաղեստինցիներին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը


«Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա այն մասին, որ բանաձևի ընդունման միջոցով պաղեստինցիները հնարավորություն կստանան հասնել իրենց նպատակներին». ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդ

Պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը հինգշաբթի օրը կայցելի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը, որի ընթացքում քվեարկություն կանցկացվի Պաղեստինցիների ինքնավարությանը ՄԱԿ-ի դիտորդ՝ «ոչ անդամ» պետության կարգավիճակ տրամադրելու բանաձևի շուրջ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից այս բանաձևի շուրջ քվեարկության անցկացման կտրականապես դեմ են հանդես գալիս Միացյալ Նահանգներն ու Իսրայելը:

Աշխարհի մոտ 60 պետություն հանդես են գալիս որպես պաղեստինցիներին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրող բանաձևի համահեղինակ: Սպասվում է, որ Մահմուդ Աբբասը կկարողանա ձեռք բերել ՄԱԿ-ի անդամ 193 պետության ձայների պարզ մեծամասնությունը:

Ստանալով դիտորդի կարգավիճակ՝ պաղեստինցիների համար հասանելի կդառնա Միջազգային քրեական դատարանը, և վերջիններս կարող են դիմել այս մարմնին՝ իրենց տարածքներում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները հետաքննելու խնդրանքով:

Պաղեստինցիներին «աչ անդամ դիտորդ պետության» կարգավիճակի տրամադրումը սակայն չի նշանակում, որ նրանք կդառնան ՄԱԿ-ի լիիրավ անդամ՝ կարգավիճակ, որը պաղեստինցիները փորձել են ստանալ անցյալ տարի:

Իսպանիան, Դանիան և Շվեյցարիան չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ հայտնելով պաղեստինցիների դիմումին կողմ քվեարկելու իրենց պատրաստակամության մասին: Նման հայտարարությամբ Ֆրանսիայի իշխանությունները հանդես էին եկել երեքշաբթի օրը: Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես նշել են պաղեստինցիների դիմումը սատարելու մասին:

Մի քանի երկիր սակայն, ներառյալ Գերմանիան, պաղեստինցիներին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելուն դեմ են արտահայտվել: Միացյալ Նահանգները պնդում է, որ պաղեստինցիները պետականություն կարող են ստանալ միայն Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների արդյունքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը նախօրեին հայտնել է, որ փոխարտգործնախարար Ուիլյան Բերնսը և Մերձավոր Արևելքում խաղաղության հարցերով հատուկ հանձնակատար Դեյվիդ Հեյլը չորեքշաբթ օրը հանդիպում են անցկացրել պաղեստինցիների նախագահ Աբբասի հետ Նյու Յորքում՝ վերջինիս վերահաստատելով Վաշինգտոնի մտահոգությունները և կոչ անելով հետ կանգնել քվեարկության անցկացումից:

«Փոխարտգործնախարարը վերահաստատել է նաև, որ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա այն մասին, որ բանաձևի ընդունման միջոցով պաղեստինցիները հնարավորություն կստանան հասնել իրենց նպատակներին», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի համաձայն, Մեծ Բրիտանիան կարող է կողմ հանդես գալ պաղեստինցիների դիմումին միայն այն դեպքում, եթե Պաղեստինցիների ինքնավարությունը «որոշ կարևորագույն երաշխիքներ տրամադրի» իրեն, ներառյալ Իսրայելի հետ բանակցությունները վերսկսելու և Իսրայելի դեմ ունեցած բողոքները միջազգային դատարանների միջոցով չհետապնդելու մասին խոստումները:
XS
SM
MD
LG