Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումը շատ դժվար է: Հաճախ այն հայտնաբերվում է այնքան ուշ, երբ մահն արդեն անխուսափելի է: Սակայն գիտնականները կարծում են, որ քաշը վերահսկելով հնարավոր է կանխել այս հիվանդության առաջացումը:
Ռոջեր Գայլսը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի: Ախտորոշումից հետո նման հիվանդներին մոտ մեկ տարվա կյանք է մնում, սակայն Գայլը համառ պայքարում է:
“Ես պատրաստվում եմ ամբողջովին հաղթահարել այս հիվանդությունը: Հուսով եմ` շուտով կվիրահատվեմ և կյանքս իր բնականոն հունով կշարունակեմ”, ասում է նա:
Բժիշկ Մուհամեդ Քալանը վիրաբուժություն է դասավանդում Ջորջ Վաշինգտոն համալսարանի բժշկական բաժնում:
“Ցավոք սրտի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար հուսալի և պարբերաբար անցկացվելիք թեստեր դեռևս գոյություն չունեն”, ասում է նա:
Բժիշկ Քալանի կարծիքով` ենթաստամոքսային գեղձի տեղանքի պատճառով ախտորոշումն էլ ավելի է բարդանում:
“Այն խորանիստ օրգան է, այդ իսկ պատճառով ուռուցքը բավականաչափ կարող է աճել նախքան ախտահիշների ի հայտ գալը”, պարզաբանում է նա:
Ենթաստամոքսային գեղձը մասամբ թաքնված է ստամոքսի ետևում: Միակ փրկությունը քաղցկեղի վաղ շրջանում վիրահատությունն է: Դեռևս բուժում չկա առավել ուշ շրջանի համար, երբ հիվանդությունը սովորաբար հայտնաբերվում է:
Սակայն Տեխասի համալսարանի Էմ-Դի քաղցկեղաբանության կենտրոնի գիտնականները կարծում են, որ բացահայտել են այս հիվանդության կանխարգելման միջոցը:
Պրոֆեսոր Դոնգույ Լին ասում է, որ բավականաչափ հիմքեր կան կարծելու, որ ավելորդ քաշն ու գիրությունը ուղիղ կապ ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մոտ 800-ից ավելին հիվանդների տվյալները նա համեմատել է 754 առողջ մարդկանց տվյալների հետ` հաշվի առնելով նրանց քաշը տարբեր տարիքում:
Հետազոտության համաձայն` պատանեկության տարիքում ավելորդ քաշ ունեցողները այս հիվանդությունն ունենալու երկու անգամ ավելի մեծ հավանականություն ունեն: Նույնը վերաբերում է գեր երիտասարդների և քաշային խնդիր չունեցող հասակակիցների համեմատությանը:
Նախքան ախտորոշումը Ռոջեր Գայլսը գեր է եղել: Նա գիտակցում է, որ իր քաշը, հավանաբար, ազդեցություն է ունեցել հիվանդության վրա:
“Սարսափելի գին եմ վճարում քաշիս չհետևելու համար”, ասում է նա:
Բացի այդ, ավելորդ քաշ ունեցողների մոտ հիվանդությունն ի հայտ է գալիս չորսից վեց տարի ավելի վաղ, քան քաշային խնդիր չունեցող հիվանդների մոտ:
Պրոֆեսոր Լիի խոսքերով` քաշի վերահսկումը վաղ տարիքում ամենակարևոր դերը կարող է խաղալ քաղցկեղի ռիսկը նվազեցնելու գործում:
Նա ասում է, որ ավելորդ քաշի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կապն ավելի ուժեղ է արտահայտված տղամարդկանց, քան` կանանց, ինչպես նաև ծխողների, քան` չծխողների շրջանում:
Հետազոտությունը հրապարակվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում: