Մատչելի հղումներ

Երիտասարդ ամերիկացիները հանրային ծառայության աշխատանքներ են կատարում


Նախագահ Օբամայի նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից էր ծառայությունը պետությանը: Ստորագրելով Էդվարդ Քենեդիի անվան Ծառայություն ամերիկային ակտը` նա ընդլայնեց հանրային ծառայությունների շրջանակը: Շուրջ 75 տարի առաջ Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի ծրագրով ներշնչված այս նախաձեռնությունը թույլ կտա տարբեր տարիքի մարդկանց ներգրավվել տարաբնույթ հանրային ծառայություններում:

Քսաներկուամյա Միշել Սենդոունն անդամակցում է Ազգային քաղաքացիական հանրային կորպուսին, որը AmeriCorps անունը կրող պետական գործակալության մաս է կազմում:

"Ես ուսումնասիրեցի AmeriCorps-ի տարբեր ծրագրերը, քանի որ իսկապես ցանկանում էի մեկ տարի հանրային ծառայությամբ զբաղվել: Այս ծրագիրն ինձ կատարյալ թվաց, քանի որ բնակության վայրից և սննդից բացի նաև փոքր թոշակ է ապահովվում և ճանապարհորդելու հնարավորություն է ընձեռվում”, ասում է Միշելը:

Այժմ նա իր թիմի անդամների հետ միասին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի զբոսայգիներից մեկում զբաղվում է մոլախոտեր քաղելով:

Այս կազմակերպության ներկայացուցիչ Ջենիթ Բոյերի խոսքերով` հաջորդ ամիս նրանք, ամենայն հավանականությամբ, միանգամայն այլ բնույթի աշխատանք կատարելիս կլինեն: "Նրանք կարող են ամեն տեսակի աշխատանք կատարել, այդ թվում` փայտե տնակի ճեղքերի շտկում, հարկային հաշվետվությունների պատրաստում, անցանկալի բույսերի հեռացում և այլ ծրագրեր”, նշել է նա:

Կազմակերպության կամավորները նաև աշխատում են երեխաների հետ, տներ են կառուցում Habitat for Humanity կազմակերպության շրջանակներում, պայքարում են բնական հրդեհների դեմ և աղետներից հետո մարդասիրական օգնություն են ցուցաբերում: 2005թ. Կատրինա փոթորկից հետո բոլոր կամավորները մի քանի շաբաթ անց են կացնում աղետի գոտում:

Կամավորները գործում են ութից տաս հոգանոց խբմերով: Ծրագրի ողջ ընթացքում, որը սովորաբար տաս ամիս է տևում, կամավորները հիմնականում նույն խմբով են աշխատում:

Խմբի ղեկավար Քեյթի Լամարկան արդեն երկրորդ անգամ է մասնակցում նման ծրագրի: Նա խոսքերով` նրանք հաճախ կատակում են, ուսումնասիրում են այն տարբեր քաղաքները, որտեղ աշխատում են, և, ամբողջ օրն իրար հետ ացնկացնելով, ընկերական հարաբերություններ հաստատում”:

Ազգային քաղաքացիական հանրային կորպուսը, որն արդեն տասնհինգ տարի գործում է, ստեղծվել է Քաղաքացիության պահպանման կորպուսի օրինակի հիման վրա:

Քաղաքացիության պահպանման կորպուսը Ֆրանկլին Ռուզվելտն է հիմնել 1933թ.: Այն ցածր աշխատավարձով աշխատանք էր տրամադրում երիտասարդներին այն ժամանակ, երբ գործազրկությունը հասել էր աննախադեպ մակարդակի: Ներկայիս տնտեսական անկումը նույնպես կարող է ազդեցություն ունենալ կամավորների թվի ավելացման վրա, քանի որ նրանք նույնպես փոքր թոշակ և որոշ այլ նպաստներ են ստանում:

"Կարծում եմ`դիմորդների, հատկապես նորավարտների շրջանում, աճի պատճառներից մեկը դա է: Սակայն պետք է նաև նշել, որ այժմ երիտասարդները հետաքրքրված են հանրօգուտ աշխատանքով զբաղվել նախքան բուն իրենց կարիերան սկսելը”, մանրամասնել է Ջենիթ Բոյերը:

Կորպուսին այդ նկատառումով է անդամակցում Ահարոն Վիլերին: Նա նշել է, որ իսկապես ցանկանում էր նման գործով զբաղվել իր վերջին ուսումնական տարվա ողջ ընթացքում: “Պարզապես ցանկանում էի մեկ տարի կամավոր հանրային ծառայություն կատարել նախքան այլ աշխատանքի ընդունվելը”, նշել է ն:

Ահարոնն արդեն սկսել է մտածել հաջորդ տարի այս աշխատանքը շարունակելու մասին: Կորպուսի տաս շրջանավարտներից մոտ չորսը հետագայում վերադառնում են նույն աշխատանքին կամ որպես կամավորներ ներգրավվում են այլ ծրագրերում, ինչպես օրինակ` Խաղաղության կորպուսը:

XS
SM
MD
LG