Մատչելի հղումներ

Օբաման առաջարկում է սահմանափակել բանկային ներդրումները


Խոշոր բանկերի գործունեությունը սահմանափակելու նախագահ Օբամայի առաջարկի ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա չուշացավ` գները երեք օր շարունակ ընկան: Նախագահի նպատակն է սահմանափակել առևտրային բանկերի ռիսկերը, որոնք կարող են պատճառ դառնալ ֆինանսական անկմանը: Ֆինանսական հատվածն այս առաջարկը սրերով է ընդունել:

ԱՄՆ կառավարության օգնության փաթեթի միջոցով միլիարդավոր դոլարի հասնող պարտքերը մարելուց հետո երկրի խոշոր բանկերը նորից շահույթ են ստանում:

Սակայն ըստ նախագահ Օբամայի` այդ շահույթները մասամբ ռիսկային ներդրումների շնորհիվ է, որոնց պատճառով էլ կառավարությունը ստիպված էր անցած տարի միլիարդավոր դոլարներ տրամադրել բանկերին, որոնք "չափազանց խոշոր էին ձախողվելու համար":

"Այսուհետ բանկերին արգլեվում է շահույթի նպատակով ձեռք բերել, ներդնել կամ ֆինանսավորել ռիսկային հեջ-ֆոնդեր, մասնավոր արժեթղթեր կամ սեփական միջոցներով առևտրային գործառնություններ, եթե դրանք հաճախորդներին տրամադրվող ծառայություն չեն",-հայտարարել է նախագահ Օբաման:

Ըստ նախագահի` բարեփոխումները թույլ կտան խուսափել ևս մեկ տնտեսական աղետից, որի պատճառ կարող են լինել ֆինանսական ճգնաժամ առաջացրած ռիսկերը:

Ֆինանսական շուկան արագ արձագանքեց հինգշաբթի օրվա նախագահի ուղերձին. Դոու Ջոնսի ինդեքսը նվազեց 200 միավորով, դրան հետևեցին նաև եվրոպական և ասիական արժեթղթերի շուկաները:

Ֆինանսիստ-վերլուծաբան Դեյվիդ Ջոնսի կարծիքով` այս կտրուկ միջոցառումների հաստատվելու հավանականությունը փոքր է:

"Չեմ կարծում, որ փոփոխություններն ընթանան ըստ նախագահի նախագծի: Շուկաների այս լուռ արձագանքն ի վերջո կհանգեցնի հոռետեսական տրամադրության, և մի քանի ամիս անց դրանք ամբողջությամբ անկում կապրեն",-կարծում է նա:

Ներկայումս փրկված բանկերի կողմից փոխառությունների սահմանափակումը, սպասարկման բարձր վճարները և կառավարիչներին բարձր պարգևատրումների տրամադրումը մեծացրել է ֆինանսական հատվածի նկատմամբ հանրության հիասթափությունը:

Կոնգրեսի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում փորձագիտական տեսակետ հայտնելիս Կոլումբիայի Բիզնես դպրոցի պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցն ասել է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են:

"Մենք պետք ուրախանանք, որ կարողացանք հեռանալ անդուդի եզրից, սակայն չպետք է մոռանալ, որ ֆինանսական հատվածն էր մեզ հասցրել այդտեղ",-համոզված է նա:

Սակայն շատ վերլուծաբանների կարծիքով` այդ բարեփոխումները կարող են ունենալ չնախատեսված հետևանքներ:

"Կենսաթոշակային համակարգերը համաշխարհային շուկայի խոշոր ներդրողներն են, իսկ այսօրվա անկման պատճառով դրանց ակտիվները կրճատվում են: Օբամայի առաջարկն ի վերջո վնասելու է թոշակառուներին կամ շարքային սպառողներին",-կարծում է կենսաֆոնդերի վերլուծաբան Ռաջի Մենոնը:

Որոշ տնտեսագետներ կարծում են, որ համաշխարհային շուկայի արձագանքը չի լինի զգալի կամ երկարատև: Առաջարկված բարեփոխումները հավանաբար մեծ ազդեցություն կունենան ՋեյՓի Մորգան Չեյզի, Սիթիգրուփի և Բենք օֆ Ամերիկայի նման խոշոր ֆինանսական ֆիրմաների վրա: Որոշ բանկերի բաժնեմասերը նվազել են մինչև հինգ տոկոս:

XS
SM
MD
LG