Մատչելի հղումներ

Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում


Շաբաթ օրը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկեց համաշխարհային տնտեսական գործընթացների 75 տոկոսից ավելին ապահահովող պետությունների ղեկավարների հանդիպումը: Հնգժամյա այս հանդիպման արդյունքում ակնկալվում է, որ կընդունվի անկում ապրող համաշխարհային տնտեսության վերականգնմանն ուղղված գործողությունների ծրագիր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ առաջին անգամ է, որ զարգացող և առաջատար տնտեսություններ ունեցող պետությունների ղեկավարների մակարդակով համատեղ հանդիպում է կազմակերպվում: Նա հավելել է, որ Վաշինգտոնի գագաթաժողովում ընդունվելիք գործողությունների ծրագիրը ցույց կտա, որ միջազգային հանրությունն ի վիճակի է հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն ասել է, որ մեկօրյա հանիպման արդյունքում առաջընթաց կարձանագրվի ֆինանսական շուկաների վերահսկման և Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխման բնագավառներում:

Առավոտյան նիստին իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Բուշը նշել է, որ դեռևս մեծ աշխատանք պետք է տարվի: Նա ասել է, որ ճգնաժամը դեռևս շարունկավում է, և չնայաշ որոշակի առաջընթացի` դեռևս շատ անելիքներ կան:

Վերլուծաբանների կարծիքով արտահերթ այս գագաթաժողովը ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսության բնագավառում որոշումների կայացման գործընթացներում բացառիկ առաջատարներն այլևս Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան և Ճապոնիան չեն: Վաշինգտոնի հանդիպմանը մասնակցում են նաև աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների` Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Հարավային Աֆրիկայի, Սաուդյան Արաբիայի, երեկ Լատինամերիկյան պետությունների, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի ղեկավարները: Այսպես կոչված 20-ի խումբը շուրջ մեկ տասնամյակ գործել է ֆինանսների և առևտրի նախարարների մակարդակով:

Քորնել համալսարանից տնտեսագետ Էսֆար Փրասադի կարծիքով հանդիպումը կբարձրացնի զարգացող պետությունների նշանակությունը: Նա նշել է, որ միայն այն փաստը, որ այդ ղեկավարները հանդիպում են, որպեսզի համատեղ ջանքերով լուծումներ գտնեն, չափազանց խորհրդանշական է:

Արտահերթ այս հանդիպումը կազմակերպվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների նախաձեռնությամբ: Որոշ վերլուծաբանների կարծիքով հանդիպման նշանակությունը փոքր-ինչ նվազել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի բացակայության պարագայում: 20-ի խմբի ղեկավարները հայտարարել են, որ հնարավոր է գալիք հինգ ամիսների ընթացքում նմանատիպ ևս մեկ հանդիպում տեղի ունենա:

Գագաթաժողովի հիմնական նպատակն է կանխել համաշխարհային անկման հետագա խորացումը: Հնարավոր լուծումներ են հարկային վճարների նվազեցումները և պետական ներդրումների աճը: Վաշինգտոնյան հանդիպման արդյունքում կոնսենսուս չի ակնկալվում վերահսկման բարեփոխումների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի քվեարկության համակարգի փոփոխության շուրջ:

XS
SM
MD
LG