Համաշխարհային բանկի ուսումնական բաժինը` Համաշխարհային բանկի ինստիտուտը, ներկայացրել է "Սթափեցում" կոչվող նոր էլեկտրոնային խաղը, որի նպատակը երիտասարդներին սովի, աղքատության և կրթության խնդիրների լուծումներում ներգրավելն է: Տասշաբաթյա խաղի հաղթողները կաշխատեն նորարարության ջատագովների և բիզնեսի առաջատարների ուղեցույցներով և հնարավորություն կստանան մասնակցել Վաշինգտոնում կայանալիք համաժողին:
Այս համակարգչային խաղի կիրառումները բազմազան են: Սա աշխարհը փոխելու արագ դասընթաց է և նորարարական մոտեցումների հրատապ կոչ:
Մինչև մայիսի կեսն ամեն շաբաթ մասնակիցներին ներկայացնում են համաշխարհային մեկ խնդիր, որին անհրաժեշտ է լուծում տալ: Խաղը ստեղծել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի ինստիտուտի աշխատակից Բոբ Հոուկինսը:
"Ամբողջ խաղն այս վեպի`այս գրքույկի հիման վրա է, որը տեղի է ունենում ապագայում` տաս տարի անց",-բացատրում է Հոուկինսը:
Խաղը հետևում է Աֆրիկայի լավագույն խնդիր լուծողների խորհրդավոր ցանցին: Մասնակիցները կարող են խաղալ խմբերով կամ միայնակ` շփվելով մյուս մասնակիցների հետ: Նրանք փորձում են լուծումներ տալ համաշխարհային սովի, աղքատության, առողջապահության և կրթության խնդիրներին:
"Խաղը երիտասարդներին խրախուսում է մտորել մարտահրավերների և ինքնուրույն կամ համատեղ ուժերով դրանց հաղթահարման շուրջ",-ասում է Հոուկինսը:
Խաղը նախագծվել էր Աֆրիկայի ուսանողների համար: Սակայն առաջին օրերի ընթացքում ամբողջ աշխարհից ութ հազար մասնակից գրանցվեց, հիմնականում` ԱՄՆ-ից:
Հոուկինսը հասկանում է, որ աֆրիկացիների միայն մեկ տոկոսին է հաջողվում համալսարան գնալ, իսկ ինտերնետը որոշ շրջաններում հասանելի չէ:
"Մենք խաղը նախագծել ենք այնպիսի ծրագրով, որ հնարավոր լինի խաղալ նաև բջջային հեռախոսով: Մենք այն ներբեռնում ենք Ֆեյսբուքի մեջ, որի օգտագործումը բջջային հեռախոսի միջոցով բավական տարածված է ուսանողների և երիտասարդների շրջանում",- պարզաբանում է նա:
"Սթափեցում" կոչվող այս խաղը մեկն է բազմաթիվ խաղերից, որ բացահայտում է ապագայի նորարարներին