Մատչելի հղումներ

Նախագահական ընտրարշավից Հիլարի Քլինթոնի դուրս գալուց հետո հարց է ծագում, թե ում կսատարեն իգական սեռի ներկայացուցիչները


Սենատոր Հիլարի Քլինթոնը պարտություն կրեց Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում, սակայն վերլուծաբանների կարծիքով նրա մասնակցությունն ընտրարշավում կանանց համար մեծ հաղթանակ էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Շատերն ասում են, որ ապագայում ավելի հեշտ կլինի կանանց համար հաղթանակ տանել նախագահական ընտրություններում: Իսկ Քլինթոնի թեկնածությունը սատարող իգական սեռի ներկայացուցիչներից շատերը հիասթափված և զայրացած են, քանի որ կարծում են, որ նրա ընտրարշավին խոչընդոտել է երկրում շարունակվող գենդերային խտրականությունը:

Սենատոր Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը ավարտեց իր ընտրարշավը, ինչն արժանացավ բազմաթիվ կանանց հիասթափությանը: Վերջին անգամ թեկնածուի կարգավիճակով ելույթ ունենալիս նա անդրադարձել է այն հարցին, թե ինչ դեր են խաղացել գենդերային խնդիրներն իր ընտրարշավում: “Ես կին եմ, և ինչպես միլիոնավոր այլ կանայք գիտեմ, որ դեռևս գոյություն ունեն խոչընդոտներ և նախապաշարումներ, որոնք հաճախ ի հայտ են գալիս անգիտակցաբար: Եվ ես ցանկանում եմ կառուցել այնպիսի Ամերիկա, որտեղ յուրաքանչյուրիս ներուժը հաշվի է առնվում և հարգանքի է արժանանում.” ասել է նա:

Այն խոչընդոտը, որին կանայք դեմ են առնում ավագ գործադիր պաշտոններ զբաղեցնելու պարագայում, հաճախ անվանվում է ապակե առաստաղ: Սենատոր Քլինթոնը նշել է, որ այն տասնութ միլիոն մարդիկ, ովքեր նախնական ընտրությունների փուլում քվեարկել են նրա օգտին, նպաստել են այդ խոչընդոտի խարխլմանը: “Չնայած այժմ մեզ չհաջողվեց ամբողջովին վերացնել այդ ամենաբարձր և ամենակարծր ապակե առաստաղը, այնուամենայնիվ ի շնորհիվ ձեզ այժմ տասնութ միլիոն ճաքեր են հայտնվել դրա վրա.” Բուռն ծափահարությունների ուղեկցությամբ ասել է Հիլարի Քլինթոնը:

Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչները սենատոր Քլինթոնի ամենանվիրված սատարողներից են եղել: Նույնիսկ Առաջին տիկին Լորա Բուշը շնորհավորել է Հիլարի Քլինթոնին պատմական ընտրարշավ ծավալելու կապակցությամբ: “Ընտրարշավին հետևելով` ես հիանում էի Հիլարիի նպատակասլացությամբ և ուժով.” ասել է նա:

Սենատոր Քլինթոնի` ընտրարշավից դուրս գալուց հետո նրա կին սատարողնորից շատերը տխուր են և զայրացած: Օհայո նահանգից Հայդի Ֆիշերն ասել է. “Կցանկանայի, որ սենատոր Օբամայի թիմը Հիլարի Քլինթոնին առնչվող որևէ բացասական ակնարկ չանի:”

Կանանց ազգային կազմակերպությունը`ԿԱԿ-ը, հայտարարել է, որ նախագահական ընտրությունների նախնական փուլը բացահայտել է ամերիկյան հասարակությունում առկա սեքսիզմի հոսանքները: Օրինակ` Նյու Հեմփշիըր նահանգում հունվար ամսին տեղի ունեցած միջոցառման ժամանակ որոշ տղամարդիկ թեկնածուի հասցեին բղավում էին. “շապիկս արդուկիր:”

ԿԱԿ-ի նախագահ Կիմ Գենդիի կարծիքով “մեր հասարակությունում և մեր զանգվածային լրատվական միջոցներում սեքսիզմի բազմաթիվ դրսևորումներ բավականին թաքնված են մնում, իսկ Հիլարի Քլինթոնի մասնակցությունն ընտրարշավին դրանք ջրի երես է հանել: Եղել են բազմաթիվ մեկնաբանություններ նրա կազմվածքի և նրա ձայնի վերաբերյալ: Որոշ հեռուստատեսային և ռադիո մեկնաբաններ նույնիսկ եթերում նշել են, որ նա տղամարդկանց հիշեցնում է իրենց նախկին կնոջ կերպարը, որը մատնանշում է, որ աղբը պետք է դուրս տանել տնից:”

Կիմ Գենդին նաև ասել է, որ Հիլարի Քլինթոնի պատմական ընտրարշավը կարող է օգնել կանանց ապագայում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու գործում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ գենդերային խտրականությունը շարունակական խոչընդոտ է լինելու: “Իրականում Կոնգրեսում դեռևս տղամարդիկ կազմում են 84 տոկոս, նահանգապետերի 82 տոկոսը նույնպես տղամարդիկ են: Մասնավոր սեկտորում փոխնախագահ և դրանից բարձր պաշտոններ զբաղեցնող ցուցակներում տղամարդիկ կազմում են 80 տոկոսից ավելին, իսկ կանայք` ընդամենը 20 տոկոսից պակաս: Ամեն առումով դեռևս շատ երկար ճանապարհ պետք է անցնենք:”

Պարտությունը ճանաչող իր վերջին ելույթում սենատոր Քլինթոնը հայտարարել է, որ սատարում է հակառակորդ Բարաք Օբամային և ճանաչել է նրան որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու: Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ Հիլարի Քլինթոնին աջակցող իգական սեռի ներկայացուցիչների մեծ մասը նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում կքվեարկեն սենատոր Օբամայի օգտին:

Այդ կապակցությամբ, Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի Ամերիկյան ընտրազանգվածի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Քըրթիս Գանսն ասել է. “Կարծում եմ` այդ կանանցից շատերը կսատարեն Օբամային` հաշվի առնելով նրա տնտեսական ծրագիրը և Իրաքի պատերազմի առնչությամբ նրա դիրքորոշումը:”

Բացի այդ, վերլուծաբանները նշում են, որ սենատոր Օբաման նաև կարժանանա բազմաթիվ կանանց աջակցությանը, քանի որ նա ԱՄՆ-ի սենատում կանանց իրավունքները խթանող բազմաթիվ օրինագծերի օգտին է քվեարկել:

Այդուհանդերձ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ասում են, որ եթե Օբամային հաջողվի հաղթանակել նոյեմբեր ամսվա ընտրություններում, նա պետք է շատ մեծ ջանքեր գործադրի արժանանալու Հիլարի Քլինթոնի այն սատարողների աջակցությանը, ովքեր ցանկանում էին իրենց կյանքի ընթացքում կին նախագահ ընտրել:
XS
SM
MD
LG